Մատչելիության հղումներ

Չդադարող կրակոցներ՝ Երևանում


Երևան, արխիվ
Երևան, արխիվ

Ինչո՞ւ են աճում հրազենի գործադրմամբ հանցագործությունները

Հունիսի 2-ի երեկոյան՝ ժամը 8-ին, կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ համայնքի շենքերից մեկի բակում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել է վիրավորների մասին։ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նախորդ օրն էլ մայրաքաղաքի կենտրոնում հանգիստ չէր: Հունիսի 1-ի երեկոյան՝ 11-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Վարդանանց փողոցում:

Մայրաքաղաքում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում: Ոստիկանությունը արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, և հանրությունը դրանց ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից: Դատելով այդ հրապարակումներից՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունները մայրաքաղաքում կատարվում են թե օրը ցերեկով և թե գիշերով, հիմնականում բանուկ հատվածներում, նաև շենքերի բակերում: Շամշյանի հաղորդմամբ՝ արձանագրվել են հրազենից վիրավորումներ ու մահեր:

Այն, որ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն աճել են, այս տարվա սկզբին հրավիրած ասուլիսում հաստատել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Միայն 2024-ին, ըստ Արփինե Սարգսյանի, արձանագրվել է հրազենեի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք: Թե ինչ իրավիճակ է արձանագրվել արդեն 2025-ի հունվարից մինչև այսօր, արդյոք հրազենով կատարված հանցագործությունները կրկին աճել են, պարզ չէ: Ոստիկանությունից խոստացել են այդ հարցին անդրադառնալ առաջիկա օրերին, ինչպես նաև պարզաբանել՝ ինչով են պայմանավորված մայրաքաղաքում չդադարող կրակոցները:

«Տեսնում եք՝ շատ մարդկանց մոտ մեքենաներում զենք է հայտնաբերվում, սա արդեն հիմք է, որ մի օր այդ զենքը պիտի մի տեղ ձայն հանի, պիտի կրակի մի տեղ: Հիմա շատացել է, կիրառումը դարձել է ավելի դյուրին», - «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում շուրջ 3 տարի՝ 2008-2011-ը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած և երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատած գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:

Նա հավելեց՝ այս հանցագործության կանխարգելման ուղղությամբ բազմակողմանի աշխատանք պետք է իրականացնել: Միայն մեքենաները ստուգելով արդյունքի հասնել հնարավոր չէ. «Այդ զենքերի հետ կապված մենակ ռեյդ անելը չէ, մի քանի զենք հանեն ու ասեն՝ դրա դեմ պայքարել ենք»:

Ալիկ Սարգսյանն ասում է, որ թեև վիճակագարությանը չի տիրապետում, բայց իր պաշտոնավարման տարիների համամեմատությամբ ակնհայտ է, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ավելացել են: Նախկին բարձրաստիճան ոստիկանն ընդունում է՝ այսօր զենքն էլ է երկրում շատացել, բայց դրան զուգահեռ այլ պատճառներ էլ կան՝ մարդիկ շատ նյարդային ու ագրեսիվ են դարձել:

Նախկին ոստիկանապետի համոզմամբ՝ իրավապահ մարինների կանխարգելիչ գործողություններին զուգահեռ այս հարցը պետք է լայն քննարկման դրվի նաև հանրության շրջանում: Ըստ նրա՝ մարդկանց պետք է բացատրել, որ հրազեն պահելը վատ բան է, և այն մի օր կրակելու է՝ իր բոլոր ծանր հետևանքներով:

Միայն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շուրջ 17 հազար ինքնաձիգ է անհետացել: Այդ մասին դեռ անցած տարի հայտարարեց ներքին գործերի նախկին նախարարը: Թե դրանցից քանի տոկոսն են ոստիկանները հայտնաբերել, իրավապահները չեն հստակեցնում, ինչպես նաև խուսափում են նշել, թե հրազենով կատարված հանցագործություններից քանիսն են պատերազմից հետո կորած զինամթերքով կատարվել:

Այդ զենքն, ի դեպ, քաղաքացիներին է բաժանվել հենց վարչապետի որոշմամբ: Փաշինյանն այդ փաստը հաստատել էր դեռ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Իսկ թե ինչու ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG