Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը պետական բարձրագույն շքանշանով պարգևատրեց ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային


Վրաց ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, որը Փարիզի PSG ակումբի կազմում անցած օրերին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Վրաստանի բարձրագույն պետական պարգևի՝ Սուրբ Գեորգի Հաղթանակի շքանշանով է պարգևատրվել, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ես կցանկանայի շնորհավորել Խվիչա Կվարացխելիային Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ: Սա ֆուտբոլի ամենաբարձր գագաթնակետն է: Իհարկե, սա մեզանից յուրաքանչյուրի համար առանձնահատուկ հպարտության աղբյուր է՝ այն հաղթանակը, որը տարավ Խվիչան: Սա մեր ամբողջ երկրի հաղթանակն է. այսպես է ընկալել յուրաքանչյուր երկրպագու նրա հաջողությունը: Մենք պետք է ոչ միայն շնորհավորենք նրան, այլև շնորհակալություն հայտնենք նրան մեր երկրին պարգևած ուրախության համար: Վստահ եմ, որ սա նրա ապագա մեծ նվաճումների միայն սկիզբն է: Մաղթում եմ նրան մեծ հաջողություններ», - հայտարարել է Կոբախիձեն:

Կվարացխելիայից բացի Վրաստանի կառավարությունը Սուրբ Գեորգի Հաղթանակի շքանշանով է պարգևատրել նաև «Միլան» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին, և բասկետբոլիստ Զազա Պաչուլիային:

Սուրբ Գեորգի Հաղթանակի շքանշանը Վրաստանի բարձրագույն պետական պարգևն է, որի առաջին դափնեկիրը ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերն էր: Դափնեկիրների թվում են օտարերկրյա պետությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ և մշակութային գործիչներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել Վրաստանի հեղինակության ամրապնդման և միջազգային համագործակցության զարգացման գործում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG