Ուկրաինայի հետ զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը Կիևին առաջարկում է ընտրություններ անցկացնել, ապա ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հուշագրի երրորդ հատվածում թվարկված է քայլերի հաջորդականություն և դրանց իրականացման ժամկետներ՝ «ընտրությունների անցկացում, Ուկրաինայի տարածքում կառավարման մարմինների ձևավորում», որին հաջորդում է «պայմանագրի ստորագրումը»։
Փաստաթուղթը նաև առաջարկում է Ղրիմի, Դոնբասի և ռուսական բանակի կողմից օկուպացված այլ շրջանների (տեքստում դրանք անվանվել են «Նովոռոսիա») միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։ Մոսկվան ցանկանում է նաև, որպեսզի Ուկրաինան դուրս բերի իր զորքերն այդ տարածքներից հրադադարին հաջորդող 30 օրվա ընթացքում:
ՏԱՍՍ-ը, հղում անելով նույն հուշագրին, նշում է, որ Ռուսաստանը նաև ակնկալում է, որ Ուկրաինան չի միանա ռազմական դաշինքներին և կոալիցիաներին, կդադարեցնի զորահավաքը և կսկսի զորացրումը, «փոխադարձ համաներում «քաղբանտարկյալների» և քաղաքացիական անձանց համար», ինչպես նաև կդադարեցվի Կիևին տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնությունը։