Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը առաջարկներ է փոխանցել Թեհրանին


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր օմանցի գործընկերը երեկ Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ փոխանցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու՝ ամերիկյան կողմի առաջարկի որոշ տարրեր։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը «մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, և նրանց շահերից է բխում այն ընդունելը»։

Թեհրանը «կպատասխանի ԱՄՆ առաջարկին՝ համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի և իրավունքների»,- X-ում գրել է Աբբաս Արաղչին։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Սպիտակ տնից միայն մեկ պարզաբանում են տվել. «նախագահ Թրամփը հստակեցրել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային ռումբ ունենալ», - ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։

Շաբաթվա սկզբին Թրամփը ասել էր, որ վերջերս զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խաթարել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Միաժամանակ, Թրամփն ինքը բազմիցս սպառնացել է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, եթե դիվանագիտությամբ չհաջողվի համաձայնության հասնել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG