Ուկրաինային սահմանակից ռուսական երկու շրջաններում` Բրյանսկում և Կուրսում, անցած ժամերին երկու կամուրջ է փլուզվել, երկաթգծեր վնասվել։ Զոհվել է առնվազն յոթ, վիրավորվել 67 մարդ:
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով։
Առաջին դեպքը տեղի է ունեցել Բրյանսկում։ Կամրջի վրայով այդ պահին մի քանի բեռնատարներ են անցնելիս եղել, երբ այն փլուզվել է և բեռնատարների հետ ընկել կամրջի տակով անցնող ուղևորատար գնացքի վրա։
Դրանից ժամեր անց Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում փլուզվել է երկրորդ կամուրջը, որի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, հայտնել են տեղի իշխանությունները։
Այսօր էլ «Ռուսական երկաթուղիներ»-ն է հայտնել, որ վնասվել են Բրյանսկի մարզի Ունեչա-Ժեչա հատվածի երկաթծերը, զոհեր չկան։
Հստակ չէ, թե արդյոք հարևան շրջաններում տեղի ունեցած փլուզումները կապված են միմյանց հետ։ Կիևը դեռ որևէ մեկնաբանություն չի արել միջադեպերի մասին, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններից մեկ օր առաջ։
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտարարել է, որ միջադեպերի առթիվ հետաքննություն է սկսվել։ Կրեմլը հաղորդել է, որ ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին։