ԱՄՆ դաշնային դատարանը կրկին բավարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայցն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության ՝ կարգադրելով անհապաղ մեդիա կորպորացիային տրամադրել մայիս ամսվա համար նախատեսված ֆինանսավորումը:
Միացյալ Նահանգների շրջանային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթը մերժել է USAGM-ի այն փաստարկները, որ գործակալությունը պարտավոր չէր տրամադրել միջոցները, քանի որ այլ դոնորներ, ենթադրաբար, ծրագրում էին աջակցել «Ազատություն» ռադիոկայանին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը պաշտոնական հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումն՝ ընդգծելով, որ ֆինանսական այդ միջոցները անհրաժեշտ են « մեր աշխատանքը շարունակելու համար՝ ելնելով ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից»։
«Մեր լրագրողները չափազանց բարձր գին են վճարում USAGM-ի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով», - հայտարարել է լրատվամիջոցի ղեկավարը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 7 դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև USAGM-ն է։
«Ազատություն»-ը USAGM-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով կանխել Կոնգրեսի կողմից «Ազատությանը» տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու գործակալության փորձերը։ Լրատվամիջոցը պնդում է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: