Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին մերձավոր Գիորգի Բաչիաշվիլին պնդում է, որ իրեն ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի սահմանային գոտում են ձերբակալել, ինչպես Վրաստանի իրավապահնեերն են հայտարարել, այլ «առևանգել են արտասահմանում» և օդանավով հասցրել Վրաստան։
Բաչիաշվիլին Իվանիշվիլիի անձնական ֆինանսիստն էր ու աջ ձեռքը, ով մեղադրվում է մեծահարուստ գործարարից մոտ 40 միլիոն դոլարի՝ 9 հազար բիթքոին գողանալու մեջ։ Նա, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության, ձերբակալվել է մայիսի 26 -ին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող տարածքում՝ «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» անցակետերի միջև գտնվող հատվածում:
«Մայիսի 24-ին ինձ առևանգեցին արտասահմանից։ 2 օր աչքերս կապած պահեցին, ապա Airzena օդանավով առևանգված բերեցին Վրաստան»,- հայտարարել է Բաչիաշվիլին և պնդել, որ ինքն անմեղ է:
Իվանիշվիլիի նախկին թիմակցի պնդումները հակասում են Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանը, որում գերատեսչությունը տեղեկացրել է, թե Բաչիաշվիլին ձերբակալվել է «հետաքննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»՝ «Կարմիր կամուրջ» և «Սադախլո» սահմանային անցակետերի միջև ընկած տարածքում»: