Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Երևանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
«Հակառակ կողմը, նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», - ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։
Վերջին շրջանում Բաքուն Երևանին մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։