Մատչելիության հղումներ

Պուտինը կոչ է արել «խեղդել» արևմտյան ծառայությունները


Գործարարների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «խեղդել» արևմտյան ծառայությունները, որոնք «ամբողջովին չեն լքել» Ռուսաստանը։ Այս մասին նա ասել է՝ ի պատասխան գործարարներից մեկի առաջարկի՝ «փոքր-ինչ» սահմանափակել արևմտյան ընկերությունների աշխատանքը, որոնք շարունակում են գործել Ռուսաստանում։

Որպես օրինակ՝ հանդիպման մասնակիցը մեջբերել է Microsoft-ը և Zoom-ը և, հղում անելով «վերլուծաբաններին», ասել, որ ռուսական ՏՏ ոլորտը միլիարդներ է կորցնում արտասահմանյան ծառայությունների աշխատանքի պատճառով։

«Մենք պետք է խեղդենք նրանց։ Ես լիովին համաձայն եմ։ Ես սա ասում եմ առանց որևէ ամաչելու, քանի որ նրանք փորձում են խեղդել մեզ։ Մենք պետք է փոխադարձաբար պատասխանենք։ Այսքանը։ Մենք ոչ մեկին չենք վռնդել, ոչ մեկին չենք խանգարել, մենք ապահովել ենք մեր շուկայում աշխատանքի համար առավելագույնս բարենպաստ պայմաններ, իսկ նրանք փորձում են խեղդել մեզ։ Մենք պետք է փոխադարձաբար գործենք», - ասել է Պուտինը։

Պուտինը խնդրել է ուղարկել տվյալներ նրանց մասին, ովքեր դեռ շարունակում են օգտագործել արևմտյան ծրագրեր։ Բացի այդ, նա կառավարությանը հանձնարարել է ուշադրություն դարձնել «արտասահմանյան մարկետփլեյսներին», որոնց միջոցով, իր խոսքով, Ռուսաստան է ներմուծվում «ամեն ինչ ու ցանկացած քանակով»։

Արևմտյան ընկերությունները սկսել են դուրս գալ Ռուսաստանից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ 2023 թվականին Պուտինը ստորագրել է հրամանագիր, որը հնարավորություն է տալիս ժամանակավոր կառավարում սահմանել արևմտյան երկրների հետ կապված ընկերությունների ռուսական գույքի նկատմամբ, եթե այդ երկրներում արգելափակվել են Ռուսաստանի ակտիվները։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG