Մի թեքահարթակ ու հենց դրա դիմաց «բուսնած» հոսանքի մի սյուն՝ Գյումրիի Տերյան փողոցում: Չնայած այս պարադոքսին՝ պետական կառույցները ընդունել են փողոցի շինարարությունը: Բայց եթե հաշմանդամություն ունեցող մարդը փորձի սայլակով բարձրանալ այս թեքահարթակով, պարզապես սյանն է բախվելու: Ու եթե նույնիսկ այս մեկը մի կերպ շրջանցի, ապա նեղ մայթին տեղադրված մյուս հենասյանը կհանդիպի:
Շինարարության պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Այս կառույցից «Ազատությանը» գրավոր հայտնել են, որ ի սկզբանե նպատակ են ունեցել հոսանքի ստորգետնյա մալուխներ անցկացնել, բայց չի ստացվել.
«Մալուխների օդային, ոչ թե ստորգետնյա միացումները պայմանավորված են բացառապես այն հանգամանքով, որ շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին՝ ստանալու աջակցություն, որպեսզի հնարավոր լինի սահմանված կարգով իրականացնել հին էլեկտրասյուների ապամոնտաժման և հոսանքալարերի ստորգետնյա անցկացման հետ կապված աշխատանքներ, սակայն տարբեր պատճառներով հնարավոր չի եղել դա իրականացնել»:
Բայց թե ինչու է թեքահարթակը կառուցվել հենց սյան դիմաց, այս հարցին հիմնադրամից չեն անդրադարձել: Փոխարենը նշել են, որ և իրենք, և տեխնիկական վերահսկողը հսկել են աշխատանքի որակը: Իսկ հայտնաբերված թերությունները շինարարն իր հաշվին կվերացնի, քանի որ գործում է մեկ տարվա երաշխիքային սպասարկման կանոնը: Արդյոք թեքահարթակը կամ սյունը կտեղափոխվեն՝ հիմնադրամի գրավոր պատասխանից պարզ չի դառնում:
«Գյումրի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով քաղաքի պատմական միջուկում՝ Սլաբոտկա թաղամասում, 2 տարի առաջ են սկսել նորոգել փողոցները, կառավարությունը շինարարությունն իրականացվում է իր ու Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով։ Սլաբոտկա թաղամասում այս ծրագրով մոտ 4.5 մլրդ դրամ է ծախսվել: Տեղի բնակիչները դեռ շինարարական աշխատանքների ժամանակ էին դժգոհում՝ նորոգումը նախատեսվածից երկար տևեց, իսկ ավարտից հետո գարնանն արդեն սկսեցին ի հատ գալ թերությունները: Օրինակ, մայթերին շարված սալիկները ձյան հալվելուն պես սկսեցին քայքայվել, իսկ համացանցում փողոցի թերությունների մասին տեսանյութեր հայտնվեցին:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում՝ քիչ հետո