Մատչելիության հղումներ

Կառավարության և ԱԺ շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է


Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում, ըստ հաղորդագրության, պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 9 անձի ինքնությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ խմբի կազմում, բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, այդ ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան և հարակից պատուհանների ապակիները, ապա վնասելով բացել են մուտքի դուռը և մուտք գործել Կառավարության շենք, որտեղ շարունակել են զանգվածային անկարգությունների կատարումը:

9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG