Թուրք անվանի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը Կաննում հայտարարել է, թե վախենում է, որ Թուրքիա վերադառնալուն պես կհայտնվի ճաղերի հետևում: Այդ երկիրը կառավարվում է մաֆիոզների կողմից, ասել է նա AFP-ին։
«Որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ պատերազմելուց չեն խորշում, եթե դա օգնում է նրանց պահել իշխանությունը։ Էրդողանը նրանցից մեկն է», - ասել է Համբուրգում ծնված Աքընը, որը տարիներ առաջ նաև «Սպի» վերնագրով ֆիլմ էր նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։
Այժմ այդ ֆիլմը ֆինանսավորողը՝ Օսման Քավալան և մենեջերը՝ Այսե Բարիմը, ճաղերի ետևում են՝ իշխանության դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու համար։
«Ինձ ձերբակալելու օրդեր չկա, բայց նրանցից ամեն ինչ սպասելի է»,- ասել է Աքընը:
Կաննի ու Վենետիկի կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսորը խոստովանել է՝ «շատերը հպարտանում են իրենով՝ թուրքական մշակույթի ու սփյուռքի մասին պատմելու համար, բայց Թուրքիայի իշխանություններին դա չի հետաքրքրում»։
Թուրքիայի իշխանությունները պարբերաբար թիրախավորում են լրագրողներին, փաստաբաններին, ու այլախոհներին՝ հատկապես 2016 թվականի կառավարության դեմ ձախողված հեղաշրջումից հետո։