Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը


Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց այսօր առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Ալբանիայի մայրաքաղաքում եվրոպական լիդերների հավաքին մասնակցող Փաշինյանին ու Ալիևին կարելի է տեսնել մի տեղ՝ ոտքի վրա, մի տեղ՝ բազմոցին նստած զրուցելիս: Կադրերից մեկում էլ ընդլայնված կազմով են՝ երկու երկների արտգործնախարարների և խոսնակների մասնակցությամբ։


Փաշինյան-Ալիև առանձնազրույցից հետո Թուրքիայի նախագահն է մի քանի վայրկյան զրուցում Փաշինյանի հետ, հետո նկատում է հեռվում ժպտացող Ալիևին, ձեռքով նշան անում, որ մոտենա, ջերմորեն սեղմում նրա դաստակը, Ալիևն էլ հայացքով Փաշինյանին է մոտ հրավիրում։ Թե ինչ են խոսում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները, չի լսվում։ Կադրերից միայն երևում է, որ կարճ զրույցն անցնում է ուրախ մթնոլորտում։

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ «երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Առաջընթացի կամ ստորագրման ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածության մասին ոչ մի խոսք:

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Կալլաս

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել: Մասնավորապես, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, կառավարության փոխանցմամբ, մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Կայա Կալլասն այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. «Բոլորի շահերից է բխում, որ նրանք դա անեն, որպեսզի տարածաշրջանում մեկ հակամարտություն պակաս լինի»։

«Այս խնդիրը լուծելու և վերացնելու համար պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և վավերացնենք այն»


Մինչ Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել համաձայնագիրը, Բաքուն տեքստի համաձայնեցումից հետո պնդում է նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում, և ղարաբաղյան հարցով տասնամյակներով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցի լրագրողն էր փորձում Փաշինյանից մի քանի հարց ճշտել, այդ թվում՝ Սահմանադրության վերաբերյալ: Հայաստանի վարչապետն ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծն առայժմ պատրաստ չէ՝ շեշտելով՝ Հայաստանի գործող Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:



«Հիմա ադրբեջանական կողմը հարցեր է բարձրացնում այն մասին, որ իբր Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Եթե այս մտահոգություններն անկեղծ են են, ապա այս խնդիրը լուծելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիր ստորագրելն է։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի ՀՀ խորհրդարանում, արդեն ամենաբարձր օրենսդրական մակարդակով կհաստատվի, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ընդհանրապես իր հարևանների նկատմամբ։

Եվս մեկ նրբերանգ։ Մենք նույնպես մտահոգություններ ունենք և տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Սակայն մենք այս հարցը չենք բարձրացնում այնպես, ինչպես Ադրբեջանը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք հստակ տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծում այս հարցը լուծված է։ Եվ այս խնդիրը լուծելու և վերացնելու համար պարզապես պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և վավերացնենք այն, մենք պատրաստ ենք նման լուծման», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ՝ Փաշինյանը կրկնեց՝ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ այս հարցով ԵԱՀԿ-ին դիմել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ։

«Այսինքն՝ նույն տեղում, նույն ժամանակ, որը շատ կարևոր է։ Եվ սա շատ կարևոր փոխադարձ ժեստ կլինի մեր տարածաշրջանում վստահության և կայունության համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը Հայաստանի զինանշանում տարածքային պահանջ է տեսնում



Չուշացավ Բաքվի արձագանքը։ Արտգործնախարարության խոսնակը Հայաստանի վարչապետի հայտարարությունը որակել է «միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ»՝ այս անգամ Սահմանադրությունից բացի, նաև Հայաստանի զինանշանում տարածքային պահանջ տեսնելով:

«Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, և Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք: Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Տիրանայում ընթացքող հավաքն, ի դեպ, այսօր միայն քաղաքական զրույցների մասին չէր. Ալբանիան փորձել էր եվրոպացի առաջնորդների բարձր տրամադրությունն ապահովել ոչ միայն ավանդական պարերի ներկայացմամբ, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիաներով. արհեստական բանականության թեթև ձեռքով նախագահներն ու վարչապետները նորից մանուկներ էին դարձել։ Արհեստական բանականությունը մանուկ Փաշինյանին, ի դեպ, մորուքով էր պատկերացրել:

XS
SM
MD
LG