Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, «Ազատությանը» հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հայտարարությանը:
Սթիվ Ուիթքոֆն ամերիկյան պահպանողական Breitbart կայքին տված հարցազրույցում չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության «Աբրահամի համաձայնագրերին». - «Ես խոսում եմ մի շարք երկրների՝ «Խաղաղության Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք մեր կարծիքով շատ-շատ մոտ են իրենց միջև հակամարտության վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, հնարավոր է ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»:
ԱԳՆ խոսնակը փաստացի չի բացառել, որ կարող է քննարկում լինել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ:
«Ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանն» ասել է Անի Բադալյանը:
«Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին եղե՞լ է «Աբրահամի համաձայնագրերին» միանալու առաջարկ, ի՞նչ է Երեւանը պատասխանել, արդյոք կողմերը՝ Երևանն ու Բաքուն այս համաձայնագրին միանալու մասին որևէ քննարկում, շփում ունեցե՞լ են, և եթե՝ այո, ո՞րն է Բաքվի դիրքորոշումը: Բադալյանը այս հարցերին չի պատասխանել:
«Աբրահամի համաձայնագրերը» ԱՄՆ միջնորդությամբ մի շարք արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է: