Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինային ուղիղ բանակցություններ սկսել՝ «կայուն խաղաղության հասնելու և պատերազմի արմատական պատճառների վերացնելու համար»։
Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմից ավելի քան երեք տարի անց՝ շաբաթ ուշ գիշերով հրավիրած ասուլիսում, Վլադիմիր Պուտինը պնդեց՝ Մոսկվան պատրաստ է Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպել արդեն առաջիկա հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում։
«Մենք բազմիցս ենք առաջարկել կրակի դադարեցման քայլեր։ Մենք չենք ընդհատել 2022 թվականին սկսված բանակցությունները, դա արել է ուկրաինական կողմը»,-հայտարարեց Պուտինը, հավելելով՝ չնայած դրան՝ Մոսկվան առաջարկում է Կիևին անհապաղ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները։
Մոտ քսան րոպե շարունակված ելույթում Կրեմլի ղեկավարը պնդեց, թե երեք տարի առաջ Ստամբուլում կողմերը համատեղ նախագիծ էին մշակել, որը, սակայն, «նետվել է աղբարկղը»՝ Ուկրաինայի և նրա «արևմտյան հովանավորների» ջանքերով։ Հավաստիացնելով, թե Մոսկվան պատրաստ է այդ հանդիպումները շարունակել առանց նախապայմանների, Պուտինը միաժամանակ ընդգծեց՝ հակամարտության լուծումը պետք է անդրադառնա դրա սկզբնապատճառներին։
Պուտինի հայտարարությունից ժամեր առաջ Կիևն ու Ուկրաինային աջակցել պատրաստ երկրների կոալիցիան՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ղեկավարների գլխավորությամբ, առաջարկել էին Մոսկվային 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին՝ եթե Կրեմլը չհամաձայնի՝ կլինեն պատժամիջոցներ։ Պուտինն ի պատասխան առաջարկեց նախ բանակցել խնդրի համապարփակ կարգավորման շուրջ, չբացառելով, որ այդ ընթացքում կարող են պայմանավորվել նաև կրակի դադարեցման շուրջ։
«Մենք լրջորեն ենք տրամադրված և ուզում ենք հասնել երկարատև ու կայուն խաղաղության։ Չենք բացառում, որ այդ բանակցությունների արդյունքում կհաջողվի նաև պայմանավորվել նոր՝ իրական հրադադարի մասին»,-հայտարարեց նա։ Ինչպես և նախորդ ելույթներում, այս անգամ էլ Պուտինը պնդեց, թե հրադադարը պետք է լինի իրական՝ «առիթ չտալով Ուկրաինային ուժերի վերախմբավորման ու վերազինման համար»։
Ավելի վաղ, խոսելով զինադադարի մասին, Կրեմլը հայտարարել էր՝ այդ ընթացքում արևմուտքը պետք է դադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային։
«Մեր առաջարկը սեղանին է, սպասում ենք Կիևի և նրա համակարգողների որոշմանը»,-հայտարարեց Պուտինը՝ առանց կոնկրետ անուններ նշելու։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ կիրակի հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ Էրդողանը կաջակցի ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպմանը։