Մատչելիության հղումներ

Բաքուն սպասում է, որ Երևանը կատարի «ստանձնած պարտավորությունները». Բայրամով


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ շփումներ կան երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների մակարդակում, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց այլ մանրամասների:

Անցած տարի մոտ 12 կմ սահմանազատելուց հետո կողմերն այս հունվարին համաձայնեցին սահմանազատումը շարունակել Տավուշից, սակայն գործնական աշխատանքների մասին որևէ պաշտոնական տեղեկություն դեռ չկա:

Ջեյհուն Բայրամովը նաև նշել է, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Ադրբեջանի դիրորոշումն հստակ է. «Եվս մեկ է ուղղություն է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը: Եվ այստեղ Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտ է: Մենք սպասում են, որ Հայաստանի կատարի այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները»:

Ադրբեջանը անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան, Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Անդրադառնալով հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից»:

«Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ», - ասել է Բայրամովը:

Երեկ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, որ ադրբեջանական կողմի հետ «խոսակցություն կա»: Ընդունելով, որ առաջընթաց չկա, Արարատ Միրզոյանը չէր բացառել նաև, որ առաջիկայում «հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն»:

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել են մոտ երկու ամիս առաջ: Չնայած այն ստորագրելու հայկական կողմի բազմաթիվ առաջարկներին՝ Ադրբեջանն առայժմ դրական չի արձագանքել՝ վերահաստատելով իր նախապայմանները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG