Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի պնդումը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումը, թե այսօր՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Բաքուն հերքելով ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ, պնդել է՝ «Հայաստանի ՊՆ-ը փորձում է միջազգային հանրության մոտ կեղծ կարծիք ձևավորել և հող նախապատրաստել հերթական սադրանքի համար»:

Ընդ որում՝ հերքելով, թե կրակել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, Բաքվի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հայտարարում է, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Երևանն այսօր մասնավորապես հայտնել է, որ ադրբեջանական կողմը մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը:

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի հայտարարությանը Երևանը չի անդրադարձել:

Օրեր առաջ Հայաստանի ՊՆ-ը հաղորդել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով ևս վնասվել էր բնակելի տան տանիք:

Վերջին շրջանում Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG