Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը` Գազայի հատվածում նոր հարձակման մասին հաղորդումների և Սիրիայի հետ լարվածության ֆոնին։
Նեթանյահուն Բաքու պետք է ժամաներ մայիսի 7-11-ը։ Այցից առաջ՝ երեկ երեկոյան, վարչապետի գրասենյակը հայտնել է, թե «Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո», ինչպես նաև «քաղաքական և անվտանգության միջոցառումների խիտ ժամանակացույցի պատճառով», այցը հետաձգվել է։ Մինչև երբ՝ դեռ չի հայտարարվել։
Անցած գիշեր Իսրայելի բանակը կրկին մի քանի հարվածներ է հասցրել Սիրիային։ Ըստ հաղորդումների, դրանց թիրախում են եղել ռազմական պահեստներ և հրթիռային կայանքների ենթակառուցվածքներ։ Մինչ այդ էլ Իսրայելը Սիրիայի նախագահական պալատի շրջակայքն էր թիրախավորել, հաղորդվել էր մեկ զոհի մասին։
Իսայելի վարչապետը հայտարարում է, թե այդ հարվածների նպատակն է աջակցել վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը։