Վիրա Հիրիչը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության պրոդյուսերն էր մինչև 2022 թվականի ապրիլի 28-ը, երբ ռուսական հրթիռը խոցեց Կիևում գտնվող նրա տունը՝ տեղում սպանելով Վիրային:
Նա Ուկրաինայում 2022-ին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր զոհված տասնյակ լրագրողներից մեկն է։
Երեք տարվա մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինան տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցավ խաղաղ բնակչության շրջանում։
Ըստ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ լրատվամիջոցների առնվազն 117 աշխատակիցներ են զոհվել Ռուսաստանի շարունակվող հարձակումների հետևանքով։
Նրանցից մեկը Վիկտորյա Ռոշչինան էր՝ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության նախկին ֆրիլանսեր լրագրողը, ով մահացավ ռուսական գերության մեջ 2024 թվականին։ Ըստ հաղորդումների՝ երբ 27-ամյա կնոջ մարմինն այս տարի վերադարձվեց Ուկրաինա, դիակի վրա կային խոշտանգումների բազմաթիվ հետքեր, ներքին օրգանները բացակայում էին։
Այլ լրագրողներ նույնպես դարձել են հարձակումների և բռնության զոհ այս հակամարտության ընթացքում։ Ըստ Կիևում գործող և լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության՝ «Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի» տվյալների՝ Ռուսաստանը Ուկրաինայում լրագրողների և լրատվամիջոցների դեմ մոտ 830 հանցագործություն է կատարել: Բացի այդ, լրատվամիջոցների առնվազն 30 ուկրաինացի աշխատակիցներ այժմ ռուսական գերության մեջ են:
Շատ լրագրողներ լուրջ վտանգի են ենթարկվում առաջնագծում աշխատելիս:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Եվհենիա Կիտաիվա-Ռուսեցկան հարցազրույց էր վերցնում ուկրաինացի զինվորից, երբ մոտակայքում ռուսական հրթիռ պայթեց՝ ծանր վիրավորելով զինվորականին:
Մի կերպ փրկված Կիտաիվա-Ռուսեցկան շտապեց օգնել վիրավոր զինվորին: «Սկսում ես վերհիշել ցանկացած բան, որ անցել ես առաջին բուժօգնության դասընթացներում՝ անելով ամեն ինչ, որպեսզի նրան ողջ մնա», - հիշում է նա:
Հոգեբանական հետևանքները
Պատերազմը նաև լուրջ հետք է թողնում մարդկային նման մեծ տառապանքի ականատեսների վրա:
Դաժան մարտերը լուսաբանող «Ազատության» թղթակից Մարյան Կուշնիրն ասում է. - «Պատերազմը նույնն է, ինչ տեսնես տանդ հրդեհը ու ոչինչ չկարողանաս անել: Այս երեք տարիների ընթացքում ես այնքան բան եմ տեսել ու այլևս չեմ ուզում լուսաբանել այս պատերազմը»:
Պատերազմի պայմաններում ֆինանսական գոյատևումը նույնպես մեծ մարտահրավեր է ուկրաինական լրատվամիջոցների համար։
Ռուսաստանը ռմբակոծել է հեռուստաաշտարակներ, իրականացրել կիբերհարձակումներ և ոչնչացրել լրատվամիջոցների ենթակառուցվածքներն ու գրասենյակները:
Ըստ «Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի»՝ 2022 թվականի փետրվարից ի վեր սա հանգեցրել է 332 լրատվամիջոցների փակմանը, ինչը ուկրաինացի լրագրողների համար ավելի դժվար է դարձնում պատերազմի մասին կարևոր տեղեկատվություն տրամադրելը։
Այլ լրատվամիջոցներ ստիպված են եղել ընտրություն կատարել ֆինանսական գոյատևման և խմբագրական անկախության միջև։ 2022 թվականից ի վեր շատ ուկրաինական լրատվամիջոցներ ավելի ու ավելի են ապավինում դրամաշնորհային ֆինանսավորմանը, քանի որ սուբսիդիաները և եկամտի ավանդական աղբյուրները կտրուկ կրճատվել են։
Չնայած այս հսկայական մարտահրավերներին՝ Մարյան Կուշնիրի նման ուկրաինացի լրագրողները շարունակում են համառել, թեպետ շատերը նաև խոստովանում են, որ ֆիզիկապես և հոգեպես սպառված են:
«Լայնամասշտաբ ներխուժումից առաջ ես կարծում էի, որ իմ ամբողջ կյանքը նվիրված է լինելու պատերազմի լուսաբանմանը», - ասում է Կուշնիրը՝ հավելելով․- «Հիմա էլ չեմ ուզում մտածել ու խոսել այդ մասին: Բայց հիմա մենք չենք կարող լռել»։