Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հակադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի քննադատությանը՝ AfD («Այլընտրանք Գերմանիայի համար») կուսակցությունը «աջ ծայրահեղականների» շարքում դասելու վերաբերյալ։
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը նախօրեին AfD կուսակցությունը որակել էր որպես երկրի ժողովրդավարությանը սպառնալիք՝ պնդելով, որ այն «անտեսում է մարդկային արժանապատվությունը», մասնավորապես՝ փախստականների և միգրանտների դեմ «շարունակական քարոզչությամբ»։
Փետրվարյան ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցության նկատմամբ այս քայլը նշանակում է, որ գերմանացի պաշտոնյաները այժմ կարող են վերահսկել կուսակցության գործուներությունը, այդ թվում՝ նրանց հեռախոսազրույցները գաղտնալսելու միջոցով։
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն և փոխնախագահ Վենսը հորդորել են Գերմանիային չեղարկել դասակարգումը։ «Սա ժողովրդավարություն չէ, այլ քողարկված բռնապետություն», - գրել է Ռուբիոն՝ հավելելով. - «Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»։
Գերմանիայի արտգործնախարարությունը հակադարձել է՝ «սա ժողովրդավարություն է, մեր Սահմանադրությունը և օրենքի գերակայությունը պաշտպանելու համար անցկացված մանրակրկիտ և անկախ հետաքննության արդյունք»։
Պաշտոնական Բեռլինը միաժամանակ ընդգծել է. - «Վերջնական խոսքը կասեն անկախ դատարանները, սակայն, մենք մեր պատմությունից սովորել ենք, որ աջ ծայրահեղականությունը պետք է կանգնեցվի»։