«Ինչ է նշանակում մեկի անվտանգությունը պահպանել մյուսի կյանքի հաշվին». - երեք տարի առաջ այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրն էր «Ազատության» հետ զրույցում դեռ անցած տարի նման հարցադրում արել ու նկատել, որ, եթե ժամանակին փակեին ճանապարհը, այս ողբերությունը չէր լինի:
«Երևում է այդ նկարահանման մեջ, որ ուշ են զգուշացրել, նույնիսկ տեսուչը չի էլ տեսել, որ իմ աղջիկը արդեն կես ճանապարհը հատել-անցել է»,- ասել էր Մնացական Մնացականյանը:
Շուրջ 3 տարի տարի է դատաքննություն է ընթանում՝ պարզելու՝ ով է մեղավոր Լեո-Պարոնյան խաչմերուկում 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանի մահվան համար: Գործով մեկ մեղադրյալ կա՝ շարասյան միայն առաջին մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը: Տուժող կողմն այսօր էլ պնդում է՝ մեղավոր է նաև շարասյան ղեկավար կազմը:
«Դրա վերաբերյալ ևս կա քրեական վարույթ, գտնվում է նախաքննության փուլում, արդեն իսկ քրեական վարույթ չհարուցելու որոշում է կայացրել դատախազը, որը մեր կողմից այս պահին բողոքարկվում է դատարաններում», - «Ազատությանը» հայտնեց Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Դատական նիստերը միտումնավոր են ձգձգվում, համոզված են տուժող կողմի ներկայացուցիչները, 2.5 տարի է դեռ դատաքննության փուլում ենք, նկատում է փաստաբան Ասլանյանը: Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը հանդես է գալիս տարբեր միջնորդություններով, իսկ դրա հետևանքով քննության ձգձգումը շահեկան է մեղադրյալի աթոռին գտնվող Արամ Նավասադյանի համար. - «Քանի որ կան քրեական պատասխանատվության վաղեմության ժամեկտներ, սույն պարագայում՝ միջին ծանրության հանցանքի դեպքում 5 տարի է, 3 տարին արդեն անցել է»:
Պաշտպանական կողմն էլ իր դժգոհություն ունի՝ դատը ձգձգվում է նախաքննության ընթացքում թույլ տրված սխալների համար, ավելին՝ մեղադրում են գործը հսկող դատախազին: Փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահեցրեց՝ կապացուցի, որ դատախազն ապօրինի է գործել:
«Նախաքննությանն ընթացքում քննիչը նշանակեց լրացուցիչ փորձաքննությունը, որը հանձնարարվեց փորձագիտական կենտրոնին: Փորձագիտական կենտրոնի քննիչը հարց առաջադրեց՝ լրացուցիչ փորձաքննությամբ պարզել՝ վարորդի համար երթևեկության վտանգը ե՞րբ է առաջ գալիս, առաջադրել ենք նաև մենք՝ պաշտպանական կողմը: Դատախազն իր ապօրինի որոշմամբ որոշում է կայացնում ու էս հարցը հանում է: Այս գործի գլխավոր սխալը գալիս է գործը հսկող դատախազից», - պնդեց Բալոյանը:
28-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվող Արամ Նավասարդայանի փաստաբանը դժգոհ է նաև դեպքի տեսաձայնագրային փորձագետի՝ դատարանում տված ցուցմունքից: Կեղծ ցուցմունք է. այսպես է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը որակում փորձագետի ասածը, խոստանում՝ առաջիկա օրերին նկար կհրապարկի հանրության դատին ներկայացնելու:
«Եթե մենք հիմնավորենք, որ հետևից 3-րդ կադրի ժամանակ «Լեքսուս»-ի հետնամասը հավասար է հետիոտնային անցումներին, ես թաքցնելու բան չունեմ, պարզ ասում եմ՝ ուրեմն ստացվում է, որ փորձագետ Քոչարյանը դատարանում տվեց սուտ ցուցմունք, որի համար կենթարկվի պատասխանատվության», - ասաց փաստաբանը:
Տուժող կողմը ոչ թե կասկած ունի, այլ գրեթե համոզված է, որ վարչապետ Փաշինյանի ուղղակի կամ անուղղակի միջամտության հետևանքով է, որ արդեն շուրջ 3 երեք տարի է՝ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել Սոնայի մահվան համար: Անցած ամիս խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիրներից մեկի հարցին՝ Փաշինյանն ասել էր. - «Դո՞ւք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին կամ տուժող կողմն ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել: Ես ասում եմ՝ դա բացառված է»:
Տուժող կողմը հիշեցնում է՝ մինչ օրս որևէ մեկը հղի կնոջ սպասնության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել, մեղադրյալ Արամ Նավասարդյանը շարունակում է աշխատել իր պաշտոնում:
Տուժող կողմը նաև կասկածներ ունի, որ գործով կարևոր ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է, նկատի ունեն վարչապետի շարասյան մեքենաների միջև ողբերգական այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները, որոնք ոստիկանությունը չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խոտանի պատճառով այն չի ձայնագրվել, իսկ ձայնագրությունը կարևոր էր և՛ վարորդին, և շարասյան ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու տեսանյունից, ասում է Րաֆֆի Ասլանյանը:
«Կհիշեք, որ հետագայում սկսեցին պատճառաբանել, թե իբրև վարչապետը չի տեսել, դրա համար չի կանգնել: Եվ քաղաքական նեղ շահերից ելնելով՝ փաստացի ոչնչացվեց քրեական վարույթի կարևոր ապացույցը», - պնդեց Ասլանյանը:
Արդար դատաքննություն է պահանջում նաև մեղադրյալի փաստաբանը: Նա էլ ասում, եթե իշխանության կողմից դատարանին հրահանգ կա, ապա իր մեղադրյալ Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչելն է. - «Թե չէ մեր գործերը լավ կգնային առաջ, ոչ թե վեճերով, պատմություններով, կոնֆլիկտներով»:
Համբուրգում կրթություն ստացած Սոնան իր դանիացի գործընկերոջ հետ Հայաստանում հիմնադրել էր «ԶԵՎԻԹ» կազմակերպությունը, որն IT ծառայություններ էր մատուցում քամուց մաքուր էներգիա արտադրող և քամու տուրբիններ սպասարկող արտասահմանյան ընկերություններին: Սոնան նաև բարեգործությամբ էր զբաղվում, ղեկավարում էր Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը: «Աջակցենք մեր հերոսներին» կազմակերպության հիմնադիր անդամ էր:
Եթե չլիներ ողբերգական պատահարը, նա երկու ամսից դստրիկի մայրիկ կդառնար: