Մատչելիության հղումներ

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում


Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել այսօր Հռոմում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։

Սա երկու առաջնորդների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

Այս հանդիպումից ժամեր առաջ Թրամփը կոչ էր արել Կիևի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ պատերազմը կանգնեցնելու հարցում համաձայնության հասնելու համար։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ իր վարչակազմը կդադարի Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերից, եթե երկու կողմերը մոտ ապագայում համաձայնության չգան։

Զելենսկու խոսնակը հաստատել է, որ նախագահն այսօր հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Reuters-ը երեկ հաղորդել էր, որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները համաձայն չեն խնդրի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ, որով Վաշինգտոնը առաջարկում է Ղրիմը իրավականորեն ճանաչել որպես ռուսական տարածք։ Տարաձայնություններ կան նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու, Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG