Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացող մարդկանց բարկացրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Նիկոլ Փաշինյանը դատապարտել է դաշնակցականների բողոքի ակցիան, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:
«Պահանջում ենք բոլորին հիշել ու հարգել էդ հիշատակը, ինչու չէ նաև Նիկոլ Փաշինյանին», - ասաց քաղաքացիներից մեկը:
Վարչապետի մամուլի խոսնակն է պետական «Արմենպրես»-ին փոխանցել Փաշինյանի խոսքերը, թե հարևան երկրների դրոշներն այրելը անընդունելի, սադրիչ արարք է:
«Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է», - նշել է նա։
Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը չի հիշում, որ նախորդ տարիներին Փաշինյանը երկրի առաջին դեմքի դիրքերից դատապարտեր այդ ակցիան: Նրա տպավորությամբ՝ Փաշինյանը շտապել է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ արդարանալ, թե դրա հետ կապ չունի:
«Ավելի շատ երևի իրա տերերին՝ Թուրքիային և Ադրբեջանին ուղղված հղում է, որ՝ կներեք, ես դրա հետ կապ չունեմ», - ասաց Մանուկյանը:
Վարչապետը այդ նույն տեքստով միաժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կրակոցներին Սյունիքի ուղղությամբ: Դատապարտել է ու կոչ արել, որ Ադրբեջանը քննի իր իսկ կրակոցները և պարզաբանի: Ադրբեջանական կրակոցներն ու դրոշ այրելու ակցիան հավասարեցնելը անբարոյականություն է, Ադրբեջանին արդարացնելու քայլ, քննադատում է ընդդիմադիր պատգամավորը. - «Մի կշեռքի երկու նժարի վրա է դա դնում, իհարկե, բարոյական որևէ բացատրություն դրան չկա»:
Ամեն տարի Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին հազարավոր հայեր երթով բարձրանում են Ծիծեռնակաբերդ: Ջահերով երթի ընթացքում ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության այրում են Թուրքիայի դրոշը, 44-օրյա պատերազմից հետո նաև Ադրբեջանի դրոշը:
«Դրոշ այրելն իրականում քաղաքական ակտ է, որ տարբեր երկրներում իրականացվել է: Երեկ երեկոյան փաստաբան Վարազդատ Հարությունյանը օրինակ էր բերել Միացյալ Նահանգներից, երբ որ Միացյալ Նահանգների քաղաքացին այրել էր Միացյալ Նահանգների դրոշը՝ բողոքելով Ռեյգանի քաղաքականությունից, դատապարտվել էր, հետո Միացյալ Նահանգների գերագույն դատարանը համարել էր քաղաքացու բողոքի արտահայտման իրավունքի իրացում և արդարացրել էր Միացյալ Նահանգների քաղաքացուն», - ներկայացրեց Գեղամ Մանուկյանը:
«Չի կարելի, հրահրում են», - մեկ այլ քաղաքացի համաձայն է Փաշինյանի հետ: Դրոշ այրելուն դեմ է ու կարծում է, որ դա կարող է գրգռել Ադրբեջանին ու Թուրքիային, հակառակորդին դրդել գործողությունների:
Մեզ հանդիպած մի կին էլ է դեմ, որ դրոշներ այրելով բողոքեն Թուրքիայի քաղաքականության դեմ: Կարծում է՝ Փաշինյանը որպես պաշտոնյա ճիշտ է արել, որ դատապարտել է. - «Բայց որպես հայ սխալ»:
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանին չի զարմացրել, որ Փաշինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը դատապարտում է Թուրքիայի դեմ հայերի բողոքի ակցիան: Փաշինյանն էլ իր հարցերով սպասարկում է Թուրքիայի ժխտողական օրակարգը, պնդում է Թանդիլյանը:
«Մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին և հայ զոհերի մասին, նրանք հարցեր ունեն, թե ինչու է դա տեղի ունեցել: Այն, որ նա դրա փոխարեն պետք է խոսի ադրբեջանական ագրեսիայի մասին ու Արցախում էթնիկ զտման մասին, որը նաև Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հետևանք է, դա թողած նա խոսում է ակցիայի մասին, որ իրականացրել են քաղաքացիներ», - ընդգծեց Թանդիլյանը:
Ընդդիմադիր գործչի տպավորությամբ՝ Փաշինյանը այդ դատապարտող խոսքերով հաճոյացել է Թուրքիային: Փաշինյանի վարած քաղաքականությունն, ըստ Թանդիլյանի, արժանապատիվ չէ և նաև այդ պատճառով է տապալվում նրա խաղաղության օրակարգը: