Մատչելիության հղումներ

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարների հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը


Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալները Թբիլիսիում կարևորել են այսօրվա իրենց հանդիպման դրական և կառուցողական միջավայրը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այդ հանդիպումը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։

«Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Բացման խոսքում նախարարն ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական դերը, տարածաշրջանի ներուժը և համագործակցության տարբեր ձևերը։

Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր՝ «Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։

Անցած ամիս էլ Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, խոսել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ավելի վաղ Թբիլիսին վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հունվարին Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG