Չնայած Արցախի վերջին նախագահի պաշտոնավարումը մեկ ամսից կավարտվի, բայց դա չի նշանակում, որ նորը չի լինի: Արցախի պատգամավորները նիստ են հրավիրել, օրենսդրական փոփոխություններով կարգավորելու նախագահի հետագա պաշտոնավարման հարցը, որ Արցախից հեռանալուց հետո էլ պահպանվի նախագահի համակարգը:
Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ այդ փոփոխություններով կա՛մ նոր նախագահ կընտրեն, կա՛մ Սամվել Շահրամանյանը կշարունակի պաշտոնավարել: Մանրամասները դեռ չեն հստակեցրել:
«Եվ կարող է լուծել նոր տեղի ունենալիք ընտրությունների կամ նոր նախագահի ընտրության խնդիր», - նշեց նա:
Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախի հայաթափումից տասն օր առաջ Սամվել Շահրամանյանին խորհրդարանը նախագահ ընտրեց: Պատգամավոր Հակոբյանը բացատրում է՝ այն ժամանակվա կարգավորումներով պաշտոնավարումը նախատեսված էր մինչև 2025-ի մայիսը: Եվ որպեսզի չփլուզվի պետական համակարգը, սահմանադրական փոփոխություններով են կարգավորում հարցերը:
«Էն ֆորս-մաժորային իրավիճակը, որում մենք գտնվում էինք, եթե իհարկե, Հայաստանում ունենային բարյացակամ իշխանություններ, գիտակից իշխանություններ, ապա մենք այս խնդրի առաջ չէինք կանգնի, բայց քանի որ մենք ունենք նաև նման խնդիր, հետևաբար հնարավորություն չենք ունենալու այլ տիպի ընտրություններ կատարելու: Այս փոփոխությունն ուղղակի հնարավորություն կտա չկորցնել պետական ինստիտուտներն, ինչպես նաև նախագահին», - ասաց Մետաքսե Հակոբյանը:
Սամվել Շահրամանյանը դեռ անցած տարի ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում ասել էր՝ Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով կա վտարանդի պետություն և կառավարություն: Վարչապետ Փաշինյանին զայրացրել էին Շահրամանյանի այս խոսքերը և կառավարության նիստում նա զգուշացրեց՝ Հայաստանում մեկ կառավարություն կա:
«Մենք նպատակն չունենք Հայաստանի Հանրապետության մեջ պետություն ստեղծելու: Դա միայն անբարո մարդը կարող է նման ենթադրություններ անել մեր պահվածքից կամ իրավիճակից, որում գտնվում ենք», - ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:
Երևանում Արցախի ներկայացուցչությունում են նախագահական, դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները։ Ազգային ժողովի նիստերն էլ այստեղ են հրավիրում: Պետական կառույցների պահպանումը Արցախ վերադառնալու հարցը օրակարգում պահելու նպատակով է, ոչ թե Հայաստանում իշխանություն ձևավորելու, ինչից սարսափում է Փաշինյանի թիմը, շեշտում է պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Անկախ Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականությունից Արցախի էջը չի փակվել և բոլոր հնարավոր ճանապարհներով Արցախի ներկայացուցիչներն աշխատում են: Մեկ ամիս առաջ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում ստեղծելու ու հայերի վերադարձի հնարավորության ապահովման նախաձեռնությանը։
Չնայած Արցախի վերջին պաշտոնյաների հիմնավորումներին, պնդումներին, որ ոչ թե իշխանություն են ստեղծում Հայաստանում, այլ իրենց իրավունքների պաշտպանության նպատակով պահպանում են կառավարման համակարգը, իշխող ՔՊ-ականների մտահոգությունները չեն փարատվում:
«Ծայրահեղ անընդունելի է, կապված նրանց հետագա գործողությունների հետ, մենք էլ մեր գործողությունները կպլանավորենք՝ անպայման տեղեկացնելով իրենց դրանց մասին», - ասաց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Թե ի՞նչ քայլեր կանեն, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փակագծեր չբացեց: Նա նույնիսկ պահանջում է շենքը, որտեղ հավաքվում են արցախի պաշտոնյաները, հանձնել շարքային արցախցիներին՝ որպես կացարան:
Փաշինյանի կառավարությունը արցախցիներին վերաբերող հարցերը քննարկում է առանց պաշտոնական ներկայացուցիչներին լսելու: Ավելին՝ վերին օղակներից թիրախավորում ու ատելություն են սերմանում արցախցիների հանդեպ, դժգոհում է Մետաքսե Հակոբյանը: Նրա կարծիքով՝ հենց այս մթնոլորտն է ստիպում զգոն լինել, պահպանել եղածն ու խնդիրները օրակարգում պահել: