Մատչելիության հղումներ

Վանաձորի հողային աճուրդ՝ մի քառակուսի մետրը 30 լումայից մինչև 50 դրամ. ում է ձեռնտու


Վանաձորի համայնքապետարանում չնայած վարչապետի խիստ հանձնարարականից հետո հայտարարել էին, թե ավագանու որոշումը կհետաձգեն ու համայնքային հողերը չնչին գներով աճուրդի չեն հանի, բայց շաբաթներ անց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, հակառակ որոշումն է կայացրել. 10 տարի ժամկետով վարձակալության կտրամադրի հասարակական նշանակության 6 հողատարածք և գյուղատնտեսական 3 հողակտոր:

Թվերը խոսուն են. որպես հանգստի գոտի հայտնի Մայմեխի խճուղու հողամասերից մեկը 1200 քառակուսի մետր է, կադաստրային արժեքը՝ 5.3 միլիոն դրամ, իսկ շուկայականը, ենթադրաբար, մի քանի անգամ ավելի: Այս 14 հազար դոլարանոց հողամասի համար վարձակալողն ամսական ընդամենը 5000 դրամ կվճարի: Ավագանին մեկ քառակուսի մետրի վարձավճարը տարեկան 50 դրամ է սահմանել:

Ավելի ցնցող է հարակից 6000 քառակուսի մետր հողամասի դեպքում. կադաստրային արժեքը՝ մոտ 72 հազար դոլար, վարձավճարը՝ ամսական ընդամենը 26 հազար դրամ: Գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում ավագանին ավելի ծիծաղելի գին է սահմանել՝ մեկ քառակուսի մետրի տարեկան վճարը կկազմի՝ տարեկան 30 լումա:

Մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից, որոնք պատմում են՝ ինչպես են անգամ քաղաքներում մեկ քառակուսի մետր համայնքային հողերը վաճառում մինչև 100 դրամով, բայց վաճառքից կարճ ժամանակ անց այդ տարածքները շուկայում են հայտնվում՝ մի քանի անգամ բարձր գնով: Հանձնարարել էր այս գներով Հայաստանի որևէ համայնքում հողեր չօտարել:

Համայնքապետարանում նախ որոշել էին հետևել վարչապետի խիստ հանձնարարականին, բայց Արկադի Փելեշյանը՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, երեկ արդեն հակառակ որոշումն է կայացրել: Համայնքապետի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը, մինչդեռ, վարչապետի հանձնարարականի ու իր վերադասի որոշման մեջ հակասություն չի տեսնում, ասում է՝ հողերը չեն օտարում, այլ 10 տարով վարձակալության են տալիս ու պնդում է, թե կառավարության նոր կարգը սահմանելու դեպքում վարձակալության պայմանագրերը կարող են փոխվել: Բացի այդ չի բացառում, որ աճուրդի դեպքում վարձակալության համար սահմանված գինը կարող է մի քանի անգամ մեծանալ:

Իրավապաշտպանները, մինչդեռ, համոզված են, որ սա հողերի փաստացի օտարման առաջին քայլն է

Համայնքապետարանների գործունեությունը պարբերաբար դիտարկող «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը նշում է՝ թե սա հին սխեմա է: Սկզբից որոշում են, թե ով է ստանալու հողերը, հետո կազմակերպում ձևական աճուրդ: Տարիներ անց այդ անձինք առաջնահերթության իրավունքով սեփականատեր կդառնան, և համայնքային սեփականությունը կհայտնվի մասնավորի ձեռքերում՝ չնչին գներով, պնդում է իրավապաշտպանը:

«Որպես կանոն նման տարածքները եթե հասարակական սպասարկման գոտի է, տալիս են վարձակալության կառուցապատման իրավունքով, ու դրանից հետո ենթադրյալ ժամանակ անց վարձակալը, որ արդեն ունի այդտեղ կառույց, հնարավորություն է ունենալու այդ տարածքը ուղիղ վաճառքի տեսքով գնում իրականացնել», - ասաց Քոթանջյանը:

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ձևական աճուրդների մասին իր պնդումներին ու դրան հետևած իր հանձնարարականին չանդրադարձավ: Բայց արդեն զայրույթի ուրիշ առիթ ուներ՝ խոստովանելով, որ ամբողջ պետական համակարգը, այդ թվում՝ ինքը, արդեն յոթ տարի առաջին դասարանում են:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG