Մատչելիության հղումներ

ԵՄ-ն իր քաղաքացիներին խորհուրդ տվեց առնվազն 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար


Եվրամիությունն այս շաբաթ իր քաղաքացիներին խորհուրդ տվեց առնվազն 72 ժամվա սննդամթերքի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար։ Եվրոպական հանձնաժողովն իր ռազմավարության մեջ նշել է, որ միությունը նախապատրաստվում է տարբեր ռիսկերի, ներառյալ՝ բնական աղետներին, կիբերհարձակումներին, աշխարհաքաղաքական ճգնաժամերին, ինչպես նաև Եվրամիության երկրների նկատմամբ զինված ագրեսիային։

Իսկ պատրա՞ստ են եվրոպացիները անկանխատեսելի այդ սցենարներին:

«Մենք երբեք նման իրավիճակում չենք եղել, իհարկե, մեզ անհրաժեշտ է պատրաստվել, հուսով եմ՝ Եվրամիությունը ցույց կտա ճանապարհը», - ասաց բնակիչներից մեկը։

«Կարծում եմ՝ Գերմանիայում երեք օրվա համար բավականաչափ սնունդ ու ջուր կունենամ, կարծում եմ՝ աղետների դեպքում տանը պետք է անհրաժեշտ պաշար ունենալ։ Պատրաստվելը լավ գաղափար է», - նշեց մեկ այլ բնակիչ։

Հարց. - Կարծում եք, որ սա հիմա ավելի անհրաժեշտ է, քան նախկինո՞ւմ:

«Այո, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ահաբեկչության, պատերազմի փաստը, այո, պատրաստվելը կարող է օգտակար լինել»

Հարց. Կհետևե՞ք այդ խորհրդին, եթե առաջիկա օրերին լսեք նման հայտարարություն:

«Եթե դրա համար բավարար պատճառ լինի, իհարկե, քանի որ մենք պատասխանատու մարդիկ ենք»:

Հարց. - Ի՞նչ կգնեիք պաշար հավաքելու համար։

«Ջուր, սնունդ, բրինձ, այնպիսի սննդամթերք, որ կարելի է երկար պահել, օրինակ՝ պահածոներ»։

Եվրոպական հանձնաժողովի ճգնաժամային կառավարման և պատրաստվածության հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը նշել է, որ Եվրամիության ողջ տարածքում մտահոգությունները տարբեր են,բայց բոլոր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն՝ արտակարգ իրավիճակների պատրաստ լինելու համար: «Պատրաստ լինել ամեն ինչին, սա պետք է լինել մեր նոր եվրոպական կենսակերպը»,-ասել է պաշտոնյան։

Սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը թվարկում է անհրաժեշտ իրերը, որոնք պետք են արտակարգ իրավիճակում 72 ժամ գոյատևելու համար։ 3 Օրվա պաշարը ներառում է սնունդ, ջուր, փաստաթղթեր, մարտկոց, լապտեր, կանխիկ գումար, դեղորայք։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG