Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում չորեքշաբթի օրը օդային հարձակումներ իրականացնելու համար։ Հարվածներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, ներառյալ ենթակառուցվածքին, հայտնում է Reuters-ը։
Այս մասին հաղորդվեց ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից ժամեր անց, երբ նախագահ Պուտինը նախագահ Թրամփին հայտնել էր, որ համաձայն է 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։
«Ռուսաստանը հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների և մարդկանց վրա, հենց հիմա»,- Տելեգրամում գրել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Գերմանիայի պաշտպանության նախարարն էլ նշել է, որ Պուտինի համաձայնությունը՝ ժամանակավորապես դադարեցնել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումը, «ոչնչի» համար է, և Թրամփը պետք է ավելի մեծ զիջումներ ստանա:
«Այս առանցքային և մեծ հեռախոսազանգից հետո առաջին գիշերը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները չեն թուլացել»,- ասել է Բորիս Պիստորիուսը գերմանական ZDF հեռուստաալիքին․ - «Պուտինն այստեղ խաղ է խաղում, և ես վստահ եմ, որ Ամերիկայի նախագահը երկար ժամանակ չի կարող նստել ու դիտել»։
Սումիի շրջանային իշխանությունները հայտնել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումները վնասել են նաև երկու հիվանդանոց, որոնք չեն տուժել, սակայն ստիպված են եղել տարհանել հիվանդներին և հիվանդանոցի անձնակազմին:
Կիևում իշխանությունները հայտնել են, որ 60-ամյա տղամարդ է վիրավորվել։ Մայրաքաղաքի մերձակայքում վնասների մեծ մասը բաժին է ընկել Բուչա թաղամասին, որտեղ ոստիկանները հայտնել են, որ օդային հարվածների հետևանքով ավերվել կամ վնասվել է 18 առանձնատուն, 20 բնակարան, 19 մեքենա, երկու խանութ և սրճարան:
Ուկրաինան նաև հայտնել է, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Սլովյանսկ քաղաքի վրա ռուսական հարվածներ է հասցվել առաջին գծի մոտ, ինչի հետևանքով քաղաքի մի մասը մնացել է առանց հոսանքի:
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը 40-ից ավելի անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինայի դեմ՝ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցին հաջորդած ժամերի ընթացքում։
«Ռուսական հարձակումն ազդել է Սումիի, Օդեսայի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Կիևի և Չեռնիգովի շրջանների վրա», - Տելեգրամում հայտնել են ուկրաինացի զինվորականները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր ստորաբաժանումները գիշերը ոչնչացրել են ուկրաինական 57 անօդաչու թռչող սարք, որոնցից 35-ը սահմանային Կուրսկի շրջանում։ Նախարարությունը հայտնում է, թե քանի անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, այլ ոչ՝ թե քանիսն են արձակվել Ուկրաինայի կողմից։
Կրասնոդարի իշխանությունները չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից փոքր հրդեհ է բռնկել Կավկազսկայա գյուղի մոտ գտնվող նավթի պահեստում: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն 30 աշխատակից տարհանվել է, իսկ աշխատանքը դադարեցվել է, ասվում է շրջանի վարչակազմի տարածած հաղորդագրությունում։