Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Բաքուն այսօր արդեն 3-րդ, իսկ վերջին երկու օրերին 8-րդ հաղորդագրությունն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու համար։

Բաքուն մասնավորապես հայտարարել է, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երևանը հերքում է այս պնդումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Եթե նախորդ օրերին Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցները հարավարևելյան՝ Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, ապա այսօր արդեն հայտարարում են, թե արևելյան՝ Վարդենիսից ու Ճամբարակի կողմից են կրակոցները:

ՀՀ ՊՆ-ը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։


XS
SM
MD
LG