Ալավերդիում իշխանություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ցանկանում է ավագանու մանդատից զրկել «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամներին, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Արկադի Թամազյանին: Հարցը ընդգրկված է առաջիկա ավագանու նիստի օրակարգում:
Երեքշաբթի Ալավերդու ավագանին կքննարկի ավելի քան մեկ տարի նիստերին չներկայացած ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
«Նախ, եթե իրենք ավագանի են, ընտրվել են X ձայների քանակով, իրենց վստահել են, իրենք պարտավոր են ուղղակի իրենց ձայների համար, ընտրողների համար գալ բնակավայրի, համայնքի համար հարցեր բարձրացնել: Եթե իրենք չեն անում, մենք ուզում ենք իրենց զրկել մանդատից, թող գան ցուցակով հաջորդ անդամները, միգուցե նրանք նորմալ աշխատեն», - «Ազատության»-ն ասաց համայնքի ղեկավար, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2023-ի դեկտեմբերին անվստահություն էր հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով համայնքապետ դարձած Արկադի Թամազյանին ու ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարին՝ Դավիթ Ղումաշյանին ընտրել նրա փոխարեն: Դրանից հետո, ավելի քան մեկ տարի, «Ապրելու երկրի» անդամներն ավագանու նիստերին չեն ներկայանում: Իրենք սա համարում են քաղաքական բոյկոտ, մինչդեռ Ալավերդիում ընտրություններից մեկ տարի անց անվստահություն հայտնելու միջոցով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընդդիմադիր անդամների բացակայությունն անհարգելի է որակում ու որոշել է նրանց զրկել ավագանու անդամությունից:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն «Ազատության»-ն ասաց՝ սպասել են ավելի քան մեկ տարի, բայց ընդդիմադիր անդամներն այդպես էլ որևէ նիստի չեն ներկայացել:
«Քաղաքական դիրքորոշում կարելի է դիտարկել մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, կես տարի, բայց մեկ տարուց ավելի ի՞նչ քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը», - ասաց Ղումաշյանը։
Մինչդեռ մեկ տարի ղեկավարելուց հետո իշխանությունից զրկված Արկադի Թամազյանն ասում է՝ չեն մասնակցել նիստերին, քանի որ անօրինական են համարել «համայնքի բռնազավթումն ու կառավարումը»:
«Պարզ է, որ վախերի մեջ են, և քաղաքական որոշում է, փորձում են ազատվել՝ հետագայում նույնիսկ ինչ-որ ձևաչափով համանքի ղեկը չտալու կամ համայնքի ղեկավարումը փորձում են ամեն առումով հետագայում նաև իրենց մոտ պահել», - ասաց Թամազյանը։
Մեկ տարի առաջ Ալավերդիում իշխանափոխությունն աղմուկով տեղի ունեցավ: Ընդամենը մեկ մանդատի առավելությամբ քաղաքի կառավարումը ստանձնած «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանը հեռացավ պաշտոնից այն բանից հետո, երբ իր կուսակիցներից մեկը՝ Սիմոն Զախարովը լքեց «Ապրելու երկիրն» ու որպես ավագանու անկախ անդամ միացավ այդ ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Քաղաքացիական պայմանագրին»:
«Ապրելու երկրի» ունեցած մեկ ձայնի առավելությունն այս դեպքում ՔՊ-ն ստացավ ու հնարավոր դարձավ պաշտոնանկ անել մեկ տարի ղեկավարած Արկադի Թամազյանին: Թամազյանը, որ ըստ իրեն, ապօրինի է զրկվել պաշտոնից, անցած մեկ տարում դատարան դիմեց՝ քաղաքապետի պաշտոնում վերականգնվելու համար: Բայց ապարդյուն: Դատական բոլոր ատյաններն ի վնաս իրեն են վճիռ կայացրել: Այժմ որոշել է դիմել Սահմանադրական դատարան, նշում է, որ օրենքների մեջ հակասություններ կան:
«Հիմա կդիմենք Սահմանադրական դատարան, դրանից հետո, եթե կարիքը կլինի, կդիմենք Եվրոպական դատարան», - «Ազատության»-ն ասաց Թամազյանը։
Մինչ «Ապրելու երկիրն» Ալավերդիում փորձում է դատարանների միջոցով քաղաքական դաշտն իրենց օգտին փոխել, նրանց կուսակից ևս երկու անդամներ ճամբարափոխ են եղել: «Ապրելու երկիրը» լքած Սիմոն Զախարովի հետ բարեկամական կապ ունեցող Նարինե Թորոսյանն ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնի աշխատակից Սամվել Էլբակյանը նույնպես լքել են «Ապրելու երկիրը», որի ցուցակով ավագանու անդամ էին դարձել: Այժմ մասնակցում են ավագանու նիստերին որպես անկախ անդամներ: Նախկին համայնքապետ Արկադի Թամազյանն ասում է՝ եթե առաջիկա երեքշաբթի գործող ավագանին իրեն ու իր ևս 8 կուսակիցներին զրկի մանդատից, իրենց ամբողջ թիմը վայր կդնի մանդատները՝ չբացառելով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է ազդել նաև իրենց ցուցակի մյուս անդամների վրա:
«Հիմա հաջորդները՝ շատերն արդեն մանդատները ցած են դրել, և եթե կգնան այդ քայլին, թիմային է լինելու մեր որոշումը՝ նաև մնացած բոլորը ցած կդնեն և ՔՊ-ն կմնա իրենք իրենցով և մի քանի դավաճանով», - նշեց Արկադի Թամազյանը։
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հակադարձում է․ - «Սկզբից ասում էին՝ մեկին առել եք, հետո ասում էին՝ իրանցով են արել, երկրորդի մասին ի՞նչ են ասում, էլի՞ նույն բանը»։
Ալավերդիում 2022-ին տեղի ունեցած ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, բայց նա հրաժարվեց իր մանդատից այն բանից հետո, երբ «Ապրելու երկիրը» մեկ մանդատի առավելությամբ այստեղ իշխանություն ձևավորեց: Մեկ տարի անց արդեն Արեն Մկրտչյանը չէր կարող հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին, քանի որ ավագանու անդամ չէր: Մինչդեռ անվստահության գործընթացից սկսած պատգամավորն անթաքույց մասնակցություն է ունեցել Ալավերդիում: Այսօր էլ Ալավերդիում ակտիվ մասնակցում է կառավարմանը, հաճախ ներկա լինում պաշտոնական այցերին։