Արցախցիներն այսօր նամակ փոխանցեցին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն: Խնդրում են այդ երկրի խորհրդարանի վերին պալատին բանաձև ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցով:
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում, հաջորդ շաբաթ սպասվող քննարկումների օրակարգում լինելու են միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը: Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցն ասում է՝ ակնկալում են, որ քննարկումը կավարտվի բանաձևի ընդունմամբ:
«Դրական որոշում ընդունելու պահից արդեն կառավարությունը պարտադրված կլինի, որովհետև Շվեյցարիայի օրենքն այնպիսին է, որ վերին պալատի որոշումն ընդունելու պահից որոշումը պարտադիր է կառավարության իրականացման համար»,- ասաց Բաղունցը:
Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձև է ընդունել նաև Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը: Հենց սա է, ըստ Բաղունցի, հույսի շող առաջացրել, որ տեղահանված արցախցիների վերադարձի հարցը մի օր կարող է դառնալ միջազգային քննարկման թեմա:
2023 թվականի հարձակումից և Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողության հաստատումից հետո, Հայաստանի կառավարությունը, որպես առաջնահերթություն, խոսում է միայն Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրներից: Արցախցիների վերադարձրի հարցը նրանց արտաքին քաղաքական օրակարգում չկա, իշխանականները դա իրատեսական չեն համարում: Արցախցիները մինչդեռ պնդումեն՝ առնվազն այդ հարցով քննարկումներ պիտի լինեն:
Իրատեսակա՞ն է, որ Բաքուն արցախցիների հետ կհամաձայնի քննարկել նրանց վերադարձի հարցը: Արցախի Մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասում է՝ քանի դեռ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այդ հարցով զբաղվել, իրենք պետք է պայքարեն:
«Ես կամ մյուսները չենք պատրաստվում ուղղակի տեղի տալ, ասել՝ դե լավ, ինչ կատարվել-կատարվել է, եկեք աչք փակենք ու ձև տանք, թե մեձ հետ ոչինչ էլ չի կատարվել: Միշտ էլ պետք է պայքարել, պայքարել հասնելու նրան, որ այդ նույն Ադրբեջանը ստիպված գա և նստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Ստեփանյանը:
Այսօրվա ակցիային մասնակցում էին նաև Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: