«Կարծում եմ, որ «Մարտի 1»-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճի՛տ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու և քննելու, հետաքննելու», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեռ 2018-ին Փաշինյանը պնդել էր՝ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Իր այս խոսքերից 7 տարի անց «Մարտի 1»-ի գործով ոչ ոք չի պատժվել: «Մարտի 1»-ի զոհերի հուշարձանի մոտ այսօր Փաշինյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե ինքը երբեք չի ասել ամբողջությամբ, ամբողջությամբ բառը չի օգտագործել:
«Վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին, երբ քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը, «Մարտի 1»-ի գործի բացահայտումը, «Մարտի 1»-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը և լինելու է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ», - նշեց վարչապետը:
«Մարտի 1»-ի ողբերգությունից 17 տարի տարի անց քաղաքացիները միայն պաշտոնատար անձանց են դատարանում տեսնում, իսկ թե ո՞վ էր կրակողը և ի՞նչ եղավ ստորին օղակներում, մինչ օրս հայտնի չէ: Վարչապետին հարցրինք՝ արդյոք բացահայտում ասելով հենց վերին օղակների՞ն նկատի ունի:
«Գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր ա բացահայտել, ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել: Ինչքան հնարավոր ա բացահայտել, էնքան պետք ա բացահայտվի», - արձագանքեց Փաշինյանը: