Մայրաքաղաքի արվարձանային Հաղթանակ թաղամասում, որ նախկինում կոչվում էր 4-րդ գյուղ, ասում են՝ ուրախ կլինեին հիմա էլ գյուղ լինեին, ոչ թե Երևանի թաղամաս, որտեղ հարյուրավոր մարդիկ խնդիրներ ունեն իրենց հողերի ու տների սեփականության հարցերի շուրջ. քաղաքի մի մասը լինելը այդ հարցերը լուծելն է՛լ ավելի է բարդացրել։
Թաղամասի բնակիչներն այսօր մի քամի ժամով փակել էին համայնքի բանուկ խաչմերուկներից մեկը՝ բացեցին միայն փոխքաղաքապետի կողմից հանդիպման հրավերից հետո։ Միայն թե հանդիպումներ նախկինում էլ են եղել, հունվարին՝ անգամ քաղաքապետի հետ, դրանից հետո էլ, Հաղթանակի բնակիչների խոսքով, սայլը տեղից չի շարժվել։
«Իրանց միակ խոսույթը՝ «դատարան, գնացեք դատարան, գնացեք դատարան, գնացեք դատարան»: Մենք մարդիկ ունեինք՝ դատարանի ճանապարհին, տարեց կին կամ տարեց տղամարդ, դիմել ա, որ իրա իրավունքը վերականգնի, էդ ընթացքում ինքը մահացել ա: Գործը անցել ա ժառանգության, գնում ես հասնում ես նոտարի մոտ, ասում ա՝ «ժողովուրդ ջան, ես էսի ո՞նց հմի ժառանգություն բացեմ, ո՞նց բացեմ, արդի վկայական պիտի լիներ»: Է եղբայր ջան, արի էդ մարդկանց ապացուցի», - ասաց բնակիչներից Գվիդոն Դավթյանը:
Թաղամասում սեփականության իրավունքին առնչվող խնդիրները մի քանի շերտ ունեն: Մարդկանց մի մասը տները չի կարող վաճառել, քանդել կամ կառուցել, քանի որ դրանք մոտ են փակված գերեզմանատանը, և սեփականությունն այսպես ասած սանիտարական գոտում է: Մյուսների տները սանիտարական գոտում չեն, բայց նրանց ունեցած փաստաթղթերն էլ վստահություն չեն ներշնչում, և քաղաքային իշխանությունը համարում է, որ դրանք պետք է վերաթողարկվեն: Մի մասն էլ ունի գյուղատնտեսական նշանակության հողատարածք և չի կարողանում փոխել հողի կարգավիճակը։
«Սանիտարական գոտին վերացնեն, ես չգիտեմ, ասում են՝ Եվրոպայի ստանդարտ դիակիզարան պիտի ունենայիք, որ չլիներ ... գիտե՞ք, մենք Եվրոպայի ստանդարտներով ապրող ժողովուրդ չենք, էլի, եկեք մենք մեզ չխաբենք», - ընդգծեց Դավթյանը:
Հարց են բարձրացնում՝ եթե գերեզմաններին մոտ լինելը վտանգավոր է, ինչո՞ւ են դեռ գործում գերեզմաններին շատ մոտ դպրոցն ու մանկապարտեզը և չեն տեղափոխվել։ Եթե վտանգավոր չէ, ապա ինչի՞ համար է սանիտարական գոտին։
«Էդ մատղաշ էրեխեքին ... Մենք էդ մանկապարտեզն ենք մեծացել, մենք էդ դպրոցն ենք ավարտել, մեզի գազը բան չի արել: «Դեֆանս»-ը սարքում են անմիջապես մի 50 մետր հեռու, ես դեմ չեմ, թող սարքեն, լավ են անում, իրանց կարելի ա, մեզի չի կարելի, մի խոսքով», - իր հերթին, ասաց Արմեն Գևորգյանը:
Ինչո՞ւ Հաղթանակ թաղամասում մարդկանց մի մասը չի կարող իր հողակտորի վրա տուն կառուցել, իսկ մյուս մասը հողի նշանակությունը փոխելու համար պետք է միլիոնավոր դրամներ վճարի։
«Եթե Մալաթիա-Սեբաստիա ա, պիտի տան խառը կառուցապատման՝ տենց եմ հասկանում, էնտեղ կարող ա տնամերձ, կարող ա բան, հա ... Իսկ եթե Մալաթիա-Սեբաստիա չի, գյուղ հող ա, ո՞ւր ա մեր գյուղապետարանը՝ տվեք մեզի, մեզի քցեք ուրիշ տեղ, պրծնենք», - նշեց Գևորգյանը:
Մի կողմից՝ հաղթանակցիների հողատարածքը տնամերձ չէ, մյուս կողմից՝ այնքան էլ գյուղատնտեսական չէ. - «Ծիրան ունենք, օրինակի համար, մարդ կա՝ ծիրանի դաշտ ունի, ծիրանը հավաքում ա, ասենք 500 կիլո ծիրան ա լնում, գնում ա հանձնելու խանութը, ասում ա՝ «թուղթ բեր, որ դու քո ծիրանը հանձնում ես, թուղթ ա պետք», գնում ա թաղապետարան, ասում ա՝ «մի հատ թուղթ տվեք, որ ես ծիրան եմ հանձնում, ինձ պետք ա», նույնիսկ ծիծաղում են վրեն, ասում են՝ «այ ախպեր, թաղապետարանը ի՞նչ ծիրան, ի՞նչ գյուղ»:
Հաղթանակի բնակիչներն ակնկալում են, որ իրենց խնդիրը պետք է լուծվի համակարգային եղանակով, ոչ թե իրենք առանձին-առանձին տարիներով դատարանից դատարան գնան ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվեն:
Քաղաքապետի խոսնակն, արձագանքելով բողոքի ակցիայի մասնակիցներին պահանջներին, գրել է, որ «տասնամյակներով իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը սպասող մարդկանց հարցը քաղաքապետարանը տեղափոխել է գործնական փուլ և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել, և քաղաքային իշխանությունները իրենց լիազորությունների շրջանակում պատրաստ են շարունակել աշխատանքները»։
Հաղթանակցիները, սակայն, հակադարձում են՝ բյուրոկրատիան չափազանց շատ է, իսկ իշխանության ներկայացուցիչները մի պահից սկսած արդեն մոռանում են՝ ինչ էին խոստացել։
«Գործընթացը կա, գործընթացը սկսվել ա ժողովրդի ճնշման ազդեցության տակ, բայց էդ գործընթացը գնացել ա իրա տրամաբանական ընթացքի ընդամենը 10 տկոսը», - ասաց բնակիչներից Նարեկ Խաչատրյանը:
Թաղամասի բնակիչները դեռ կորոշեն՝ ընդունե՞լ փոխքաղաքապետի չորեքշաբթի օրվա հանդիպման հրավերը, թե՞ ոչ։