Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, այսօր «Արմենպրես»-ի խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Երևանը չի գնալու այդ ճանապարհով, հավատարիմ է մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը։
Հայաստանը կիրառելու է ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու, ասել է վարչապետը:
«Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա», - ընդգծել է գործադիրի ղեկավարը։
Բաքուն ավելի վաղ հաղորդել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևն ասել էր՝ Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։ Սակայն հունվարի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել է, որ «առանց Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել»։
Փաշինյանն այսօր ասել է, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել են լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում Երևանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը: Հայաստանի վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե որ չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ են լուծումներ առաջարկել։
Ալիևի մեկ այլ հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի և «որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ», Փաշինյանն արձագանքել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. «մեր օրակարգում այլ նախագիծ չկա»:
Բաքուն տարիներ շարունակ պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ է արել Ադրբեջանին:
«Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը», - հայտարարել է գործադիրի ղեկավարը:
Ալիևի պնդումներին, թե «Հայաստանը պետք է դադարի զինվել», Փաշինյանը պատասխանել է՝ «Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա»։
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է Ադրբեջանի նախագահին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից:
«Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով», - ասել է վարչապետը:
Փաշինյանը հաստատել է՝ հունվարին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում նախատեսվում է:
«Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի», - եզրափակել է գործադիրի ղեկավարը՝ հանձնաժողովի անդամների հանդիպման օրն ու վայրը չհստակեցնելով։