Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթը սկսվել է. ընտրության ընթացքը կտևի մոտ 2 ամիս


Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթը սկսվել է։ Այսօրվանից կարող են դիմել թեկնածուները։ Վերջնաժամկետը կավարտվի տասը օրից։

Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վարչապետ Փաշինյանի խնդրանքով պաշտոնից հրաժարվեց ու մեկ ամիս է՝ կոմիտեի ղեկավարի աթոռը թափուր է։

Մրցույթի մեկնարկը դեռ չի նշանակում, որ այս տարի կոմիտեն նոր ղեկավար կունենա։ Մոտ երկու ամիս կտևի ընտրության ընթացքը։ Մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ մինչև փետրվար հազիվ էլ կոմիտեն նոր ղեկավար ունենա:

«Մենք էլ ենք աշխատում ամեն ինչ արագ անել, որովհետև կուզենանք, որ հնարավորինս շուտ երկիրն ունենա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բայց միաժամանակ էդ շուտը չպետք է լինի որակի հաշվին և թափանցիկության հաշվին», - ընդգծեց Իոաննիսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է 2021 թվականի վերջից, առաջին ղեկավարը Սասուն խաչատրյանն էր, որը մոտ երկու տարի պաշտոնավարեց։ Թափուր պաշտոնի համար պայքարողների թեկնածությունը նախ կհաստատվի թեկնածուների ընտրության հանձնաժողովում։

Մրցութային խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն է։ Խորհրդի կազմում են Արդարադատության նախարարության, դատախազության, Ազգային ժողովի մեկական ներկայացուցիչներ, երկու հոգի էլ քաղաքացիական հասարակությունից են: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն է ու Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը։

«Եթե թեկնածուները շատ լինեն, մենք կկարողանանք լավագույններին ընտրել», - ասաց Իոաննիսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է Հայաստանի մշտական քաղաքացի լինի, բարձրագույն կրթություն ունենա, տիրապետի հայերենին ու ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներից որևէ մեկին։ Իրավական ոլորտում առնվազն հինգ տարվա ստաժ ունենա։

Նախ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ուսումնասիրելու թեկնածուների փաստաթղթերը, արդյոք նրանք համապատասխանում են չափանիշներին ու դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում ու ուղիղ եթերում քննում թեկնածուներին։

Մասնագիտական, կառավարման հմտություններից բացի, բարեվարքության մասին էլ հարցեր կան. բարեվարքության սանդղակը բավականին բարձր է՝ 30 միավորից 22-ը պետք է հավաքեն:

Մրցույթի արդյունքում եթե հավասար միավորներ են հավաքել երկու և ավելի թեկնածու, ապա հանձնաժողովի անդամները բաց քվեարկում են ու այդպես որոշվում է հաղթողը։ Կառավարությունն էլ նշանակում է թեկնածուին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

XS
SM
MD
LG