Մատչելիության հղումներ

Մոսկվան ապաստան է տվել Ասադին ու ընտանիքին. ռուսական ԶԼՄ-ներ


Տղամարդը պատռում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լուսանկարը Բելգրադում՝ Սիրիայի դեսպանատան առջև, 8-ը դեկտեմբերի, 2024թ.
Տղամարդը պատռում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լուսանկարը Բելգրադում՝ Սիրիայի դեսպանատան առջև, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիայից փախուստի դիմած Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է: Կրեմլի աղբյուրը ռուսական РИА "Новости" գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանը Ասադին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:

Մի շարք կարևորագույն քաղաքներ գրավելուց հետո սիրիացի իսլամիստ զինյալներն այսօր առավոտյան կարողացան վերահսկողություն հաստատել նաև մայրաքաղաք Դամասկոսում: Հաղորդվեց, որ Սիրիայի նախագահը Բաշար Ասադը լքել է երկիրը:

Հայր և որդի Ասադները ընդհանուր առմամբ Սիրիան կառավարել են ավելի քան կես դար՝ 1971-ից մինչև 2024 թվականը:

РИА "Новости"-ի աղբյուրը նաև ասել է, որ Մոսկվան շփումների մեջ է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք «երաշխավորել են ռուսական ռազմակայանների ու դիվանագիտական ներկայացուցիչների անվտանգությունը Սիրիայի տարածքում»:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտնել էր, որ «Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված հակամարտության մասնակիցների հետ Բաշար Ասադի բանակցությունների արդյունքում նա որոշում է ընդունել թողնել նախագահական պաշտոնը և լքել է երկիրը՝ ցուցում տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով»: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան այդ բանակցություններին չի մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG