Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի ու դրանից բռնկված հրդեհի պատճառով լցակայանի մեկ աշխատակից դեռևս ծանր վիճակում է: Բուժում է ստանում Այրվածքաբանության կենտրոնում:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել: Քննիչների նախնական կասկածներով՝ ճնշակի և գազակուտակիչների շինությունում պայթյունը եղել է շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանք:
Թե ի՞նչ շինարարական կամ այլ աշխատանքներ են իրականացնելիս եղել երեկոյան ժամը 9-ի մոտակայքում, Քննչականից չեն հայտնում: Միայն նշում են, որ փակել ու կապարակնքել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության համար:
Մեկ մարդու խոր այրվածքների պատճառ դարձած գազալցակայանը «Ռաս-Մարի» ընկերությանն է պատկանում: Ընկերության սեփականատերը, պետական ռեգիստրի տվյալներով, Արմեն Մխոյանն է, որ Վանաձորում հայտնի է «Սեզամի Արմեն» անունով: Այստեղ գործող գրեթե բոլոր գազալցակայաններն իրենն են:
Հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանն» ասացին՝ պայթյունի նախորդ օրը այս լցակայանում պլանային ստուգումներ են իրականացրել՝ պարզելու՝ պահպանվա՞ծ են այստեղ հրդեհային անվտանգության կանոնները, թե՞ ոչ: Մինչ ստուգումների արդյունքները հայտնի կդառնային, հաջորդ օրը գազալցակայանը պայթել է: Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց՝ ստուգումների ընթացքում պարզել են, որ չնայած լցակայանը տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության դրական եզրակացություն է ստացել, բայց տեսչականի նախկինում արձանագրած թերությունները հրդեհի նախօրեին վերացված չեն եղել:
Արդյոք արձանագրված թերությունները կարո՞ղ էին մեկ օր անց հանգեցնել պայթյունի ու հրդեհի, տեսչական մարմնից ու Քննչականից դեռևս եզրակացություններ չեն անում:
Այսօր «Ռաս-Մարի» ընկերության տնօրեն Վահան Պապոյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին: Ասաց՝ կխոսեն, երբ իրենց գազալցակայանում արված ստուգումների մասին գրավոր փաստաթուղթ ունենան:
Անցած տարի էլ նույնօրինակ պայթյուն էր տեղի ունեցել Վանաձորի մեկ այլ գազալցակայանում: Երեք աշխատակից էր այրվածքներ ստացել: Պետական ռեգիստրի տվյալներով՝ այդ գազալցակայանը նույնպես վանաձորցի Սեզամի Արմենինն է: Դեռ անցած տարվա պայթյունից առաջ Տեսչական մարմինը «Գազարտ» ընկերությանը տուգանել էր մեկ միլիոն դրամով այն բանի համար, որ գազալցակայանը շահագործվել է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցելու:
Ընկերությունը մինչդեռ դատի է տվել տեսչական մարմնին: Մինչ դատարանը վճիռ կկայացնի, լցակայանը շարունակում է գործել: Դատական նիստերի ընթացքում ընկերությունը պնդել է, որ արձանագրված խախտումները վերացրել են:
Տեսչական մարմնից այսօր «Ազատությանն» ուշագրավ տվյալներ փոխանցեցին: Անցած տարվա օգոստոսից 215 բենզագազալցակայաններում ստուգումներ են արել ու բոլորում էլ՝ առանց բացառության, խախտումներ արձանագրել: 83-ի մասին գործունեությունը դադարեցնելու որոշումներ կան։ 58-ը արդեն ապամոնտաժել են: 26-ի դեպքում ընկերությունները դատարաններում բողոքարկել են տեսչականի որոշումները:
Այս տարվա ամռանը հուժկու պայթյուն և հրդեհ էր եղել նաև Երևան-Սևան ավտոճանապարհին գործող գազալցակայաններից մեկում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կուսակիցներից մեկի անվան հետ է կապվում: Քննչական կոմիտեից ասացին՝ դեռ քրեական վարույթի մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել։