Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները՝ քննարկելու էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերն ու դրանց անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնում է վրացական կողմը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են նաև Սև ծովի ստորջրյա էլեկտրական մալուխի նախագծին և ընդգծել, որ այդ նախագիծը «տարածաշրջանի երկրներին հնարավորություն կտա էլեկտրաէներգիա արտահանել Եվրամիություն»։
Մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանը «պատրաստ է նպաստելու Եվրոպայի էներգետիկ անվտանգության զարգացմանը, ինչը հնարավոր կլինի, երբ Հայաստանը միանա Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխի ծրագրին», որը նախատեսում է ստորջրյա էլեկտրահաղորդման գիծ ստեղծել դեպի ԵՄ երկրներ՝ Ադրբեջանի, Վրաստանի և Սև ծովի տարածքով։