Մատչելիության հղումներ

Փաշինյանը Փարիզում հանդիպել է Կանադայի, Բելգիայի վարչապետների հետ


Հայաստանի և Կանադայի վարչապետների հանդիպումը, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Հայաստանի և Կանադայի վարչապետների հանդիպումը, լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին են անդրադարձել Հայաստանի և Կանադայի վարչապետները Փարիզում հանդիպման ժամանակ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները կարևորել են մոտ մեկ տարի առաջ Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Փաշինյանը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

XS
SM
MD
LG