Մատչելիության հղումներ

Եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան


Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել, նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանն այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար», - հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում այն խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի։

Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը`գործադիրի ղեկավարն ընդգծել է՝ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ, և հետևաբար, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից հետո եթե նույնիսկ լինեն տեսականորեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրին և ինքնաբերաբար չեն ունենա իրավական ուժ: Նույն տրամաբանությունն, ըստ Փաշինյանի, կգործի Ադրբեջանի պարագայում։

«Ահա տեսնում եք, որ խաղաղությունն այնքան մոտ է և մեզ հարկավոր է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն: Դա հեշտ չէ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, և այդ ճշմարտությունների շուրջ բանավեճը բերել է թշնամության, զոհերի, պատերազմների: Ցավը շատ խորն է և մեծ: Բայց հիմա մենք պիտի կենտրոնանանք խաղաղության վրա, որովհետև խաղաղությունն է միակ ճշմարտությունը, որը հասկանալի է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի ժողովուրդներին: Այդ ճշմարտությունը կբացի բոլորիս աչքերը, կփակի թշնամության աղբյուրները և բոլորիս հայացքները կուղղի դեպի ապագա», - ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղությունը գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։

Փաշինյանը վերահաստատել է՝ նշված պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է՝ կրկին առաջարկելով՝ վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցվել է Համաձայնագրի նախագծում, ստորագրել այն, ունենալ խաղաղության Համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները՝ «այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար»։

«Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը:

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

«Խաղաղության խաչմերուկ»

Խոսելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ Փաշինյան շեշտել է՝ նպատակը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային, երկաթուղային և այլ հաղորդակցությունների բացելն է, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի միջև կապի ապահովումը, ինչպես նաև խողովակաշարերի և մալուխների անցման և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելը, ինչը կարևորագույն և առանցքային գործոն է խաղաղության համար։

«Խաղաղության և զարգացման առանցքային գործոն է նաև այն, որ այդ ամենը տեղի ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հարգմամբ, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և մենք պատրաստ ենք մեր տրանսպորտային ուղիները բացել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի և թե՛ մեր մնացած հարևանների ու գործընկերների համար, և պատրաստ ենք դա անել նույնիսկ այսօր: Հենց այսօր», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը Միջին միջանցքի մաս կարող է դառնալ, ապահովելով նրանով ապրանքների անցման ավելի մեծ արագությունն ու արդյունավետությունը:

«Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Դա մեր ցանկությունն է, պարտավորությունը, և մենք կարող ենք դա անել: Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա», - ասել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG