Ռուսաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը ոչ միայն ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը, հայտարարում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց», - ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարեցին՝ հայտարարել է ԱԳՆ խոսնակը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում և շեշտել, թե հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան:
«Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք», - ընդգծել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին. - «Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի»։
Նշելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Երևանը ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ է անում «կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը»:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար», - նշված է հայտարարությունում։