Մատչելիության հղումներ

Գիշերային հարձակումներ Ֆրանսիայի երկաթուղային կայարաններում


Ֆրանսիա - Բորդոյի կայարանում ուղևորները սպասում են գնացքների երթևեկության վերականգնմանը, 26-ը հուլիսի, 2024թ.
Ֆրանսիա - Բորդոյի կայարանում ուղևորները սպասում են գնացքների երթևեկության վերականգնմանը, 26-ը հուլիսի, 2024թ.

Փարիզում Օլիմպիական խաղերի բացումից հաշվված ժամեր առաջ ֆրանսիական երկաթուղային ընկերությունը՝ SNCF-ը հայտարարեց, որ անցած գիշեր որոշ կայարաններում հարձակումներ են եղել, վնասվել են մի քանի երկաթգծեր՝ երկրով մեկ արագընթաց գնացքների շարժը խափանելու համար։

«Միտումնավոր հրդեհներ են կազմակերպվել՝ մեր ենթակառուցվածքները վնասելու նպատակով», - հայտարարել է ընկերությունը, մանրամասնելով՝ խափանվել է Փարիզի կապը արևելյան, արևմտյան ու հյուսիսային ուղղություններով, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են կես ճանապարհին՝ անելանելի դրության մեջ։ Փարիզի Մոնպառնաս կայարանում, որտեղից գնացքները շարժվում են դեպի Ֆրանսիայի արևմտյան շրջաններ, այսօր առավոտյան հսկայական հերթեր էին կուտակվել: Բարդ վիճակ է, միաժամանակ՝ կանխատեսելի, քանի որ ողջ ոստիկանությունն ուղարկվել է Փարիզ, և մյուս տեղերում հսկողություն որևէ մեկը չի իրականացնում։

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել դիվերսիոն հարձակման հոդվածով, «որի նպատակն է եղել հարված հասցնել հիմնարար ազգային շահերին», - ասված է հայտարարության մեջ։ «Սա կազմակերպված ու համակարգված սաբոտաժ էր», - X-ում գրել է վարչապետ Գաբրիել Ատալը՝ ընդգծելով, որ հետախուզական ծառայությունները մոբիլիզացրել են աշխատանքը՝ մեղավորներին գտնելու համար։

«Ես առանձնապես վախեցած չեմ, բայց ճիշտն ասած մտահոգված եմ, մտահոգիչ է, որ կարևոր հաղորդակցության ուղիների հետ նման բան կարող է պատահել։ Հուսամ՝ Փարիզում Օլիմպիադայի բացումն առանց միջադեպերի կլինի», - ասել է Ատալը:

Այս պահին վերականգնողական աշխատանքներ են, որոնք կշարունակվեն մի քանի օր, ըստ կանխատեսումների՝ երկաթգիծը բնականոն աշխատանքի կվերադառնա այս շաբաթավերջին միայն։

Կաթվածահար է նաև Ֆրանսիայի երկաթուղային կապը մի շարք եվրոպական երկրների հետ։ Հաղորդվում է, որ երկու գերմանացի մարզիկներ, օրինակ, ստիպված են բաց թողնել Օլիմպիադայի մեկնարկը, քանի որ մնացել են կես ճանապարհին և Բելգիա են վերադարձել։

Առավել հաջողակները, որոնք արդեն Փարիզում են, այսօր մի քանի ժամից դուրս կգան Սենայի ափ․ Փարիզի Օլիմպիադայի կազմակերպիչները որոշել են, որ խաղերի մեկնարկին հազարավոր մարզիկներ նավակներով անցնելու են գետի երկայնքով։ Ակնկալվում է, որ բացմանը ներկա կլինի ավելի քան 300 հազար հանդիսատես, տարածքում անվտանգության խիստ միջոցառումներ են նախատեսվել։

Փարիզը վերջին անգամ Օլիմպիական խաղերը ուղիղ 100 տարի առաջ՝1924-ին էր հյուրընկալել։ «Այս մեկի բացումն ամենատպավորիչներից է լինելու», - երեկ խոստացել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հյուրերին։

Բուն խաղերի ծրագիրն էլ է խոստանում տպավորիչ լինել․ վոլեյբոլն անցնելու է Էյֆելյան աշտարակի տակ, ձիասպորտը՝ Վերսալի պալատի դիմաց, լողը՝ ոչ թե լողավազանում, այլ՝ հենց Սենա գետի մեջ։

16-օրյա սպորտային փառատոնը միայն Փարիզի տեսարժան վայրերով չի սահմանափակվի․ բասկետբոլի մրցաշարը նախատեսված է Լիլում, սերֆինգը՝ Փարիզից 16 հազար կմ հեռու՝ Խաղաղ օվկիանոսում։ «Օլիմպիադան վերադառնում է այնտեղ, ուր ծնվել է սրեֆինգը, սա լավ առիթ է՝ցույց տալու աշխարհին, որտեղ է այդ մարզաձևը ստեղծվել և ինչպես», - ասում է Ֆրանսիայի պատվիրակության անդամ Վահինե Ֆիերոն։

Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի խաղերին կմասնակցի անկախության պատմության մեջ ամենափոքր թիմով՝ 15 մարզիկներով։ Նրանցից երեքը մրցապայքարի դուրս կգան վաղը՝ հրաձգության, լողի, բռնցքամարտի մարզաձևերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG