Մատչելիության հղումներ

Հովսեփ Խուրշուդյան. Խաղաղության գործընթացը փակուղում չէ


«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի տեղեկություններով՝ Լոնդոնում Փաշինյան - Ալիև բանակցությունները տապալվեցին, քանի որ Ադրբեջանի նախագահը «էլի նախապայման էր դրել էդ հանդիպման համար՝ սահմանադրական փոփոխություն քննարկվեր, որ հռչակագրի պահը հանվեր»: «Էն, ինչ որ ամեն տեղ ասում է, և Հայաստանի իշխանությունները ասել են, որ դա հնարավոր չի, և չի պատրաստվում Հայաստանի իշխանությունը նման հանրաքվե հիմա անցկացնելու. գիտեք, որ ամենամոտակա հանրաքվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերող լինելու է 27 թվականին, այսինքն՝ 26 թվականի ընտրություններից մեկ տարի հետ», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Խուրշուդյանը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը համաձայն չէ, թե դա նշանակում է, որ փակուղում է ամբողջ խաղաղության գործընթացը. - «Փակուղում չէ, որովհետև Սահմանադրության հարց երբեք կանգնած չի եղել: Ալիևը, հենց վերջում տեսնում է ամեն ինչ համաձայնեցված է, մի բան է բերում, որ առիթավորվի՝ չստորագրի: Եվ Արևմուտքում բոլորը դա արդեն, ինձ թվում է, հասկանում են, և երբ որ ասվում է ծանր փորձությունների պետք է գնան կողմերը, ես գիտեմ, որ դա ուղղված է Ադրբեջանին՝ Հայաստանի առջև որևէ ծանր փոխզիջման հարց, նոր զիջման հարց դրված չէ»:

«Բայց ասում են՝ կողմերը, չեն ասում՝ մի կողմը», - այս դիտողությանը Խուրշուդյանն արձագանքեց. - «Դա դիվանագիտական լեզու է, եթե ասեին՝ մի կողմը, դա նշանակում է՝ միանգամից մեղադրեին Ադրբեջանին չզիջող կողմ լինելու համար, էս փուլում նման խնդիր դրված չէ»:

Հարցին էլ՝ արդյոք խաբված չէ՞ հայկական կողմը սահմանագծման հարցում, երբ Տավուշի հատվածում վարտելով գործընթացը՝ Ադրբեջանն այլևս փաստացի չի վավերացնում կանոնակարգը, «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավարը պատասխանեց. - «Էն որ Ալիևը ձգձգելու էր՝ բոլորիս էլ պարզ էր, և բոլորս էլ դրա մասին խոսում ենք, որ ինքը ստորագրելով... չտեսնված բան տեղի ունեցավ՝ ինքը ստորագրեց 76 թվի քարտեզների տակ, և Ալմաթիի հռչակագրի հարցն էլ ըստ էության ստորագրվել է: Ճիշտ է, ինքը ասում է՝ խաղաղության պայմանագրում դա չարծարծենք, բայց դելիմիտացիայի փաստաթղթերում արդեն ստորագրված է: Դա մեր համար մեծ ձեռքբերում էր: Հիմա թե դրա դիմաց մենք տվեցինք 2.5 քառակուսի կիլոմետր նախկին ադրբեջանական բնակավայրերի տարածքները, ես կարծում եմ, որ էնպես չի, որ Ադրբեջանը բացառապես իր ուզածին հասավ և որևէ բան չզիջեց դրա դիմաց: Մանավանդ՝ էն ժամանակ կար էսկալացիայի վտանգ, և դա ևս կանխվել է, հիմա իր ձեռքում որևէ առիթ էսկալացիայի վտանգ չկա: Առավելագույնը, ինչ ինքը կարող է անել՝ օժանդակել Ռուսաստանին և Ռուսաստանի հինգերորդ շարասյանը այստեղ աշնանը ինչ-որ դժգոհություն գեներացնելու հարցում: Ինչպես դա կարող է անել՝ հենց էնտեղ, օրինակ, ինչ-որ թեթև կրակոցներ, որպեսզի էստեղ ասեն՝ «տեսա՞ք, բա որ ասում ենք, որ սա չի օգնելու, նա մեկ է էնտեղից կրակելու է»:

«Կրակելը միշտ էլ կա, կապ չունի՝ դելիմիտացված է, դելիմիտացված չի, կրակելը կրակել է, եթե նա կարողանում է ինչ-որ նման բան անել՝ վստահ լինելով, որ մեծ հետևանքներ չի ունենա իր համար, նա անելու է: Ամբողջ խնդիրը էն է, որ մենք էնքան դիրքավորենք մեզ որպես Եվրամիության և Արևմուտքի դաշնակից, որ էն ճնշումները, որ Արևմուտքը պետք է գործադրի և մինչև հիմա էլ նաև գործադրում է՝ կանխելու համար Ադրբեջանի նման քայլերը, ավելի հուժկու լինեն, և ավելի ապահով լինենք էդ առումով, քանի դեռ մենք մեր կարողունակությունները և դիմադրողականությունը, այդ թվում՝ բանակի հզորությունը, չենք բարելավել: Իսկ էդ ուղղությամբ տեսնում ենք՝ ևս բավականին լավ աշխատանքներ գնում են՝ և՛ Ֆրանսիայի, և՛ հիմա Միացյալ Նահանգների ներգրավմամբ», - ընդգծեց Հովսեփ Խուրշուդյանը:

Ընդդիմախոսների փաստարկին, որ այդ ճնշումը չեղավ Ղարաբաղի դեպքում, երբ հանդուրժվեց էթնիկ զտումը, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարն արձագանքեց. - «Մենք էլ հիացած չենք, որ էդ հետևողականությունը չեղավ, [...] բայց, համենայն դեպս, ես չեմ էլ կարծում, որ Ղարաբաղի հարցը փակվել է, և Արցախի հայերի իրավունքների, վերադարձի նաև հարցը և անվտանգության հարցը չի ապահովվելու երբևէ: Ես կարծում եմ, որ այն, որ նաև տարածաշրջանային մեր որոշ գործընկերներ, որոնք երբեք էդ հարցով չէին խոսում, նույն Իրանը սկսել է այդ մասին խոսել, դա նշանակում է, որ դա մնալու է ակտուալ հարց, նաև իրենց շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսակետից, բայց նաև մեզ համար շահեկան է, որ ամեն դեպքում, վաղ թե ուշ, արցախցիների իրավունքների հարցը լուծվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG