Տարիներ տևած բանակցություններից հետո հուլիսի 17-ին Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին:
Որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կչեղարկվի, երբ Հայաստանը լիարժեք կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին։ Որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։
Այս թեմայի շուրջ «Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Վերջապես Եվրամիության անդամ բոլոր երկրների դեսպանները հաստատեցին ԵՄ հանձնաժողովի առաջարկը՝ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, պարոն Եղոյան, ի՞նչ է սա նշանակում:
Եղոյան. - Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը ներառվել է Եվրոպական միության արտաքին հարաբերության խորհրդի, այլ կերպ ասած, նախարարների խորհրդի երկուշաբթի օրվա, հուլիսի 22-ի նիստում, այդ օրն է այս հարցով որոշումը կայացվելու: Ինչքանով էլ, որ հիմա մենք ասենք հավանականությունը շատ մեծ է, կամ շատ քիչ է, բայց որոշումն այդ օրն է կայացվելու, և այդ օրվանից հետո մենք հնարավորություն կունենանք Ձեր ասած պնդումն անել կամ չանել: Եթե այդ օրը բոլոր նախարարները, այսինքն, այդ խորհուրդը կազմված է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներից, դրա համար էլ կոչվում է նախարարների խորհուրդ և որոշում է կայացնում արտաքին հարաբերության վերաբերյալ կարևորագույն հարցերում, որից հետո արդեն Եվրահանձնաժողովն ունենում է մանդատ այդ հարցով բանակցել այս կամ այն երրորդ երկրի հետ:
Ի դեպ, էստեղ նույնը վերաբերում է նաև Եվրոպական խաղաղության գործիքը, կազմից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցին, էլի որոշումն այնտեղ է կայացվում, մնացածն արդեն ընթացակարգային հարց են, արդեն մնում է Եվրահանձնաժողովին: Եթե այդ որոշումը կկայացվի, դրանից հետո սկսվում է վիզաների ազատականացման երկխոսությունը, որը իրենից ենթադրում է արդեն աշխատանքային խմբերի գալ Հայաստան, ուսումնասիրել Հայաստանի վիճակը այս կամ այն ոլորտում, մասնավորապես, միգրացիայի հետ կապված: Էստեղ խոսքը վերաբերում է սահմաններ վերահսկողությանը, մասնավորապես պետական սահմանի անցումներում վերահսկողության, ինչպես նաև օդակայանում վերահսկողությանը, այստեղ խոսքը վերաբերում է բիոմետրիկ անձնագրերի առկայությունը, առողջապահական համապարփակ առողջության առկայությանը, նաև երկրում մարդկանց իրավահավասարությանը վերաբերող օրենքներին և դրանց կիրարկմանը: Ինչո՞ւ է հենց այս հարցերի վրա ուշադրություն դարձվում, սրանք այն հարցերն են, որոնք թույլ են տալիս ասել, թե ինչքանով կաճի կամ չի աճի անօրինական միգրացիան վիզաների ազատականացումից հետո: Գիտեք, որ պատճառներից մեկը առողջական հարցերով Եվրամիության անդամ երկրներ գնալ բուժման նպատակով և այնտեղ մնալն է կամ այնտեղ գնալ և ներկայացնել, որ ինչ-ինչ հարցերով մարդկանց իրավունքները ոտնահարվել են Հայաստանում, խտրական վերաբերմունքի են, ենթադրենք, ենթարկվել: Դե բիոմետրիկ անձնագիրն էլ արդեն տեխնիկական պահանջ է: Ուղղակի դա Եվրամիության ստանդարտ պահանջն է, մարդուն օրինականացնելու համար, սահմանների վերահսկողության էլ հասկանալի է, քանի որ վիզաներ այլևս այդ վերջնական որոշումից հետո չեն լինելու, բնականաբար, իրենք ուզում են, որ սահմաններին լինի նորմալ վերահսկողության:
«Ազատություն». - Դա նշանակում է նաև, որ մեր օդանավակայանում պետք է ամբողջությամբ վերահսկողությունը գտնվի Հայաստանի ձեռքում, այդպես չէ՞, ռուս սահմանապահներ չպետք է լինեն այնտեղ այլևս:
Եղոյան. - Դե ռուս սահմանապահների վերաբերյալ որոշումն արդեն կայացված է, բայց Ձեր ասած հատվածն, արդեն քաղաքական կտոր է իր մեջ ներառում: Ես դեռ խոսում էի տեխնիկական կտորից: Իմ ասածը վերաբերում էր նրան, թե ինչ որակի վերահսկողության պիտի լինի, բայց Ձեր ասած էլեմենտն, այո, կա, Իհարկե, քաղաքական մակարդակում:
«Ազատություն». - Այսինքն՝ դեռևս երկարատև գործընթաց է սպասվում առջևում, որն առաջին հերթին կախված է այն բանից, թե որքան արագ կկատարի Հայաստանը Եվրամիության պահանջները:
Եղոյան. - Այո, եթե մինչև այս մենք ասում էինք, որ դե երկխոսությունը դեռ բացված չէ, կրկնեմ, որ այս պահին էլ, երբ ես տալիս եմ այս հարցազրույցը, դեռ բացված չէ, դեռ պաշտոնական որոշումը չկա, բայց եթե մինչ այս պահը մենք դա էինք ասում, ապա երկխոսությունը բացված լինելուց հետո գործընթացի արագությունը մեծապես կախված է լինելու արդեն մեր կատարած աշխատանքից: