Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով


Ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական վարույթ է հարուցվել կեսգիշերին Վերին Շորժայի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան փաստով։

Քննչական կոմիտեի քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ «հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը»:

Այսօր քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված АК տիպի ինքնաձիգը։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարույթային այլ գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով, ասված է քննչականի հաղորդագրության մեջ։

«Ազատության» տեղեկություններով ոչ մարտական հանգամանքներում մահացած պայմանագրային զինծառայողը Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG