Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թբիլիսիում, իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը՝ միևնույն ժամանակ կրկին շեշտել, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ, նրա խոսքով, «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն են»։
Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ասաց, որ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Նա դժվարացավ հստակեցնել՝ կողմերը մոտեցե՞լ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։
Թեև Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ ասվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Բաքուն նոր թեմաներ է առաջ քաշում՝ պահանջելով Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։