Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայագնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ընդգծելով, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է ու գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ՝ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի, սակայն դա չի կարող լինել այլ երկրի ճնշման տակ։
«Ադրբեջանը չէ, որ պետք է Հայաստանին ներքին օրակարգ թելադրի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փոխարտգործնախարարը։
Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն։
«Դրան է ուղված թե՛ «Խաղաղության խաչմերուկը», թե՛ մեր մոտեցումները բանակցային պրոցեսին, մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրանց՝ առանց որևէ նախապայմանների, և, կարծում եմ, որ միջազգային գործընկերները բազմիցս դա նշում են», - ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։