Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ավստրալիայի և Նիդերլանդների հետ Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի Boeing 777 օդանավի կործանման հետ կապված վեճին ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) խորհրդում։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության այսօրվա հաղորդագրությունում։
«Ի տարբերություն Խորհրդում կողմնակալ մեծամասնության՝ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2166 (2014) բանաձևին և MH17 չվերթի ինքնաթիռի կործանման իրական պատճառների բացահայտմանը և բաց է ICAO-ի խորհրդում համապատասխան աշխատանքի համար: Հիմա թող «արևմտականները» և նրանց արբանյակներն իրար հետ գործ հարցեր պարզեն, մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունն այս խեղկատակությանը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Մոսկվան հայտարարում է, որ չի ճանաչում Ավստրալիայի և Նիդերլանդների կողմից շրջանառության մեջ դրվող տեղեկատվությունը քննարկելու ICAO-ի խորհրդի լիազորությունը և դրա ընդունելիք որոշումները:
2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է «Բուկ» տեսակի ՀՕՊ հրթիռով, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 298 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:
Ըստ արևմտյան երկրների և Ուկրաինայի՝ քննությամբ պարզվել է, որ օդանավը խոցել են ռուսամետ անջատականները: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը: