Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վրաններ է տեղադրել ու գիշերել Բաղրամյան պողոտայում


Ընդդիմության տեղադրած վրանները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․
Ընդդիմության տեղադրած վրանները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․

08։51

Ընդդիմությունը նոր վրաններ է տեղադրում Բաղրամյան պողոտայում։

08․02

Ցույցի մասնակիցները լուսացրեցին Բաղրամյան պողոտյում։

Ցույցի մասնակիցները՝ Բաղրամյան պողոտյում, 10-ը հունիսի, 2024թ․
Ցույցի մասնակիցները՝ Բաղրամյան պողոտյում, 10-ը հունիսի, 2024թ․

Ցույցի մասնակիցները վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում կրակի շուրջ տաքանում են, 10-ը հունիսի, 2024թ․
Ցույցի մասնակիցները վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում կրակի շուրջ տաքանում են, 10-ը հունիսի, 2024թ․

05։12

Ըննդիմությունը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում։

01:15

Քիչ առաջ հրմշտոց եղավ, հիմա համեմատաբար հանդարտվեց, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց՝ «մնալու ենք էստեղ»:

00:24

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը եկավ դեպի Պռոշյան փողոցի հատված, սակայն այստեղ ևս ոստիկանությունը փակել է Դեմիրճյան փողոցի մուտքը, ինչպես նաև պատ է կազմել կառավարական առանձնատների ճանապարհին:

Այժմ սպասողական վիճակ է:

10-ը հունիսի

00:05

Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց, թե ցուցարարների մի խումբը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, կմնա Բաղրամյան պողոտայում, իսկ ինքը այլ խմբի հետ Դեմիրճյան փողոցին կմոտենա մյուս՝ Պռոշյան փողոցի կողմից:

23:50

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 15 րոպե խնդրեց, որպեսզի որոշեն հետագա քայլերը, ինչից հետո կհայտարարի՝ ինչ են անելու:

23:05

Կողմերն այս պահին շարունակում են միմյանց մեղադրել օրենքը խախտելու մեջ, հիշեցնում են Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բախումները:

Բագրատ արքեպիսկոպոսը պնդում է, թե իրավապահներն ամբողջությամբ ապօրինի են գործում և խոչընդոտում երթի ընթացքը։

«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու», - հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիճում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիճում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ

22:55

Երթի մասնակիցները լուռ կանգնած են Բաղրամյան պողոտայում:

Իրավիճակը մի փոքր լարվեց, երբ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց, որ մոտենում են կարմիրբերետավորները: «Մեզ մի վախեցրեք», ասաց նա, ապա մոտեցավ ոստիկանապատին, որի հետ գոռգոռոցներով վիճաբանությանը հաջորդեց հրմշտոց:

Այնուհետև հրմշտոցը դադարեց, ցուցարարները և ոստիկանները նույն տեղում կանգնած են մնում:

22:33

Այս պահին Հայաստանի ոստիկանապետը, փոխոստիկանապետն ու այլ իրավապահներ առաջին շարքում են ու պարբերաբար հայտարարում են, որ օրենքով են առաջնորդվելու և թույլ չեն տալու առաջանալ։

Բագրատ արքեպիսկոպոսը միայն հայտարարեց՝ «շատ վստահ եք ձեզ զգում»:

22:25

Երթի մասնակիցները հասան Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ փակ է՝ մի քանի շարքով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Երթի մասնակիցները ցանկանում են առաջանալ դեպի Դեմիրճյան փողոց, սակայն իրավապահները թույլ չեն տալիս՝ հղում անելով Հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածին, որի 3-րդ կետի համաձայն՝ «Հավաքն արգելվում է, եթե անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»:

Բագրատ սրբազանը պնդում է, թե իրենք խախտում չեն անում և հույս ունեն, որ ոստիկաններն էլ խախտում չեն անի ու թույլ կտան անցնել:

22:18

«Ազատության» հարցին՝ քաղաքական այլ լուծումներ և՞ս պատրաստ են քննարկել, արդյո՞ք խոսքը նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է, երբ չի բացառում «քաղաքական լուծումների մնացած տարբերակները», Բագրատ սրբազանն արձագանքեց՝ այդ թվում դա։

Մինչ այս նա վստահեցրել էր, որ ընտրությունների հարց իրենց օրակարգում չկա։

Մյուս հարցին՝ հունիսի 11-ին խորհրդարանի հերթական նստաշրջանն է մեկնարկում, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթի հրավիրումը, Բագրատ արքեպիսկոպոսը հրաժարվեց պատասխանել, ասաց՝ դա իր խնդիրը չէ, ինքը ընդդիմադիր պատգամավորներին հանձնարարել է նիստ նախաձեռնել:

Հարցին էլ՝ եթե ինքն առաջադրվելու է վարչապետի թեկնածու, ինչպե՞ս է լինելու իր քաղաքացիության հարցը, Բագրատ սրբազանն արձագանքեց՝ դա ընթացքը ցույց կտա:

21:08

«Այս պահից է սկսվում 96 ժամը», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա մեկնարկեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

20:58

«Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ քաղաքական լուծումներ նկատի ունի։

«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին», - հայտարարեց Բագրատ սրբազանը, ապա հայտնեց, որ երթով գնալու են Ամիրյան փողոցով, Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով. - «Մնացածը կհայտարարենք ճանապարհին»:

20:30

«Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք», - հայտարարեց Բագրատ սրբազանը: - «4 օր, 96 ժամ այս նույն բազմությամբ և ավելի շատ խոստանում եմ ձեզ հասնել մեր ուզածին»:

Նա դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, - «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:

«Մենք վճռական ենք: Ես զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ ունեմ, այո, զոհաբերել եմ, ամեն ինչ: Ժողովուրդ, ուզում եմ տեսնել՝ դուք որքանով եք վճռական», - հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

«Հիմա կամ երբեք», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը:

20:25

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, Բագրատ արքեպիսկոպոսը պնդեց, թե «այս պայմանագիր կոչվածը բացարձակ կապ չունի խաղաղության հետ, այն ուղղակի առնչված է մեր գոյության և մեր՝ որպես հայություն ոչնչացման հետ»:

«Այս պայմանագրով ոչ մեկ հարց չի լուծվում, ադրբեջանական ուժերը մեր տարածքներից դուրս չեն գալիս, որևէ կերպ չի զսպվում Ադրբեջանի նոր հարձակումները, փոխարենը՝ վավերացվում են ուժի սպառնալիքով թշնամու ձեռքբերումները: Սա ոչ թե խաղաղության, այլ միակողմանի նոր զիջումների փաստաթուղթ է, որը նոր և ծանր հարված է մեր պետականությանը, ինքնիշխանությանը և ինքնությանը», - ասաց Բագրատ սրբազանը: Նրա խոսքով՝ այդ պահանջները վերջ չունեն, և Հայաստանի իշխանությունները պատրաստ են դրանք բոլորը բավարարել, «միայն թե իրենց աթոռը կարողանան պահել»:

19:53

Հանրահավաքում իր ելույթն սկսեց Բագրատ արքեպիսկոպոսը:

«Մեր պահանջը մնում է հրաժարականը», - հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

19:35

Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվածից՝ ժամը 18:30-ից մոտ 40 րոպե ուշ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հանրահավաքը։

Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս հանրահավաքով մեկնարկում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման վերջնական փուլը:

Հավաքվածներին ողջունեց Բագրատ արքեպիսկոպոսը, ապա ելույթ ունեցավ փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա խոսեց ցուցարարների դեմ ոստիկանների բռնությունների մասին, պնդեց, որ Հայաստանում մարդիկ հետապնդվում են քաղաքական հայացքների համար: Իր խոսքի վերջում Մելիքյանը ցույց տվեց մի կարմիր բերետ և ասաց, որ այն հինգ իրավապաշտպանների անունից ուղարկելու է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որը, նրա խոսքով, «հիանալի պաշտպանում է կարմիր բերետների իրավունքները»:

Նշենք, որ այսօր լրացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ երթով Կիրանցից Երևան հասնելու և Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքն անցկացնելու մեկ ամիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG