Մատչելիության հղումներ

«Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»․ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանը


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Բաքուն հաստատում է՝ օրեր առաջ Հայաստանից ստացել են խաղաղության պայմանագրի նոր նախագիծը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այսօր ընդգծել է՝ «ավելի քիչ հարցեր են բաց մնում»։

«Որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»,- նշել է Բայրամովը։

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Բաքուն չի պարզաբանում։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը փոխանցեց, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Այլ մանրամասներ հայկական կողմը չի հաղորդել։

Երևանն ադրբեջանական կողմի այդ առաջարկները ստացել էր ապրիլի 26-ին, դրանից հետո երկու երկրների արտգործնախարարները մայիսի 10-ին հանդիպել էին Ալմաթիում։

Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, թե այդ բանակցություններից հետո Բաքվի հետ առանցքային հարցերի շուրջ առաջընթաց կլինի: Սակայն բանակցություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանի համար կարևոր երկու հարցերի՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու և տարածաշրջանի ապաշրջափակման սկզբունքների շուրջ դեռ համաձայնություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG